Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ ավելի քան 20 000 պրակտիկոս ուսուցիչ է գրանցվել կարգավիճակը բարձրացնելու, իսկ 5000 հոգի էլ ուսուցիչ դառնալու համար:

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի հայտարարությամբ, ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների քննությունները կսկսվեն հուլիսին, գրանցման փուլի ավարտից հետո միայն կորոշվի՝ քննությունները դիմորդների հետ միասին անցկացնել, թե առանձին:

«Պրակտիկոս ուսուցիչների համար քննության գրանցումն անվճար է: Բացի այդ, կենտրոնը գրանցման ժամանակ կարգավիճակի ստուգում չի անցկացնում, հետևաբար ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են գրանցվել, սակայն արդյունքները կկարողանան օգտագործել միայն այն ժամանակ, երբ որակավորում կստանան և կանցնեն համապատասխան ընթացակարգերը»,- նշել է Գորգոձեն:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի վերլուծաբան Մայա Ինասարիձեի խոսքերով, այս տարի մանկավարժներին կարգավիճակ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է տրվում, քանի որ հաջորդ տարվանից պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցող մանկավարժը հազվադեպ դեպքերում (ուսուցչի բացակայությունից խուսափելու համար) պայմանագրով կշարունակի դպրոցում աշխատել:

Ուսուցիչների իրավասության հաստատման գրանցումը մեկնարկել է մայիսի 13-ից և կավարտվի այսօր՝ ժամը 18:00-ին: