Այսօր մեծն մաեստրոյի ծննդյան 95-ամյակն է, հայազգի Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան: Նա ծագումով Ախալցիխեից էր:

Շառլի ընտանիքն արտագաղթել է Վրաստանից և 1923 թ. բնակություն հաստատել Փարիզում: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, իսկ նրա մայրը Թուրքիայում ապրող հայ վաճառականի ընտանիքից էր:

Ախալցիխե քաղաքում, Ռաբաթի ամրոցի տարածքում, որտեղ բացմանն այցելել էր արտիստը՝ նրա պատվին աստղ են տեղադրել, իսկ մեր քաղաքում՝ Ախալքալաքում, փողոց է անվանակոչվել մեծն արվեստագետի անունով և ժամանակակից սթրիրթ-արտով նրա պատկերը քաղաքի շենքերից մեկին պատին է:

Այս հիշարժան օրվա կապակցությամբ մենք Ձեզ համար նախապատրաստել ենք շանսոնյեի թևավոր խոսքերից մի քանիսը, որը խորդուբորդ ճանապարհ է անցել սովորական պատանուց մինչև աշխարհահռչակ երաժիշտ դառնալը և ապրել է երկար, հագեցած կյանք:

«Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը»:

«Եթե թույլ սեռն ուժեղ է, ապա այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն է զգում թույլի նկատմամբ»:

«Տարօրինակ է, բայց աղքատությանս տարիներն իմ կյանքի ամենաուրախ տարիներն են: Իսկ միգուցե և տարօրինակ չէ… Մենք երջանիկ էինք չունենալով որոշակի հարմարավետություններ կամ իրեր, ոչինչ՝ մեզանից, մեր ծիծաղից ու փախադարձ սիրուց բացի»:

«Մի բան ստանալու համար դուք պետք է սովորեք զոհաբերել մեկ այլ բան»:

«Յուրաքանչյուրը ստանում է իր սեփական փորձը, որը միակ ճշմարիտ դպրոցն է նրա համար»:

«Եթե այդպես հարկն է,ապա ճակատագիրն ամեն ինչ կանի քեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար»

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի Մուրյես քաղաքում` սրտի անբավարարության պատճառով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides):

Հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել նաև նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաեւ այլ հեղինակավոր քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արվեստագետներ եւ կինոգործիչներ:

Ֆրանսիայի գրեթե բոլոր հեռուստաալիքները ցույց էին տալիս ուղիղ եթերով հոգեհանգստի արարողությունը, իսկ Ինվալիդների պալատի մոտ այն ցուցադրվում էր մեծ էկրանների վրա: Հայաստանում մաեստրոյի հրաժեշտի օրը հայտարարվեց ազգային սուգ: Այդ օրը ոչ միայն հայերն էին սգում կյանքին հրաժեշտ տված արվեստագետին, այլև ողջ աշխարհը…

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնո՞ւմ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում…»:

Շառլ Ազնավուր