Մայիսի 17-21-ը Թբիլիսիում անցկացվեց Գրականության 5-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի հյուրընկալել էր ավելի քան 19 հեղինակի:

Գրականության փառատոնն ավանդաբար անցկացվում է Թբիլիսիի գրողների տանը և հինգ օրերի ընթացքում այստեղ գերիշխում էր գրականությունը։

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ին և մեկնարկը տրվեց իսպանացի պոետ Մարիամ Ռեյեսի ստեղծագործություններով: Հինգ տարի շարունակ փառատոնն անցկացվում է Թբիլիսիում և այս տարի առաջին հոբելյան է:

Այս տարի Գրականության թբիլիսյան միջազգային փառատոնը հյուրընկալել էր 19 հեղինակի, ավելի քան 15 երկրից, որոնց թվում էր հայազգի բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանը, ով նույնպես Թբիլիսիի Գրողների տանը ներկայացավ իր ստեղծագործություններով։

Արփի Ոսկանյանը 5 տարեկանից գրում է, նրա ստեղծագործություններն առաջին անգամ մամուլում տպագրվել են 1990 թվականին։ Նա շատ դրական գնահատեց փառատոնը, ասելով, որ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված։ Երեկոյի ընթացքում Արփին ընթերցեց իր բանաստեղծություններից մի քանիսը, որոնք արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

«Ես լավ չէի պատկերացնում մթնոլորտը, ընտրել էի բանաստեղծություններ, որոնք ցանկացած համատեքստում ինչ-որ մի կերպ կլսվեն, ինչպիսին էլ լինի միջավայրը արձագանք կունենան և լավ կլսվեն», – ասում է Արփի Ոսկանյանը։

Arpi Voskanyan

Նա առաջին անգամ չէր Թբիլիսիում, բայց ասում է, որ այս անգամ այն շատ տարբերվող էր և իր կարծիքով «Թիֆլիսը հրաշք է»։

Թբիլիսիի V գրականության միջազգային փառատոնի հիմնական թեման գրական բևեռն ու երկակիությունն էր։ Բացի միջազգային ծրագրից, փառատոնի կարևոր մասն էր նաև վրացական ծրագիրը, որտեղ թվով տաս վրացի հեղինակներ պատմեցին սեփական գրական միստիֆիկացիայի մասին։

tbiliisi fest

Փառատոնն ստեղծվել է ի պատասխան հասարակության հետաքրքրությունների: Գլխավոր նպատակն է գրականության սիրահարների համար մշտական գործընթացներին ներգրավվածությունն ու մասնակցելու հնարավորությունը։

Գրականության թբիլիսյան միջազգային փառատոնը Վրաստանում հիմնվել Է 2015 թվականին երկրի Գրողների տան եւ մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ:

Ռիմա Մառանգոզյան