Մայիսի 20-ից մինչև 25 Ջավախքի դպրոցներում հնչեց ու հնչելու է ավարտական վերջին զանգը: Ախալքալաքի շրջանի 65 դպրոցի շուրջ 534 շրջանավարտ հրաժեշտ է տալիս հարազատ կրթօջախին:

Վերջին հինգ տարիներին Ախալքալաքի շրջանի ավարտականների վիճակագրությունից պարզ է դառնում, որ տարեց տարի շրջանավարտների թիվը նվազում է, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին՝ 827 շրջանավարտ:

Եվ այսպես Ախալքալաքի շրջանում 2015 թվականին գրանցվել է 719 շրջանավարտ, 2016 թվականին՝ 533, 2017 թվականին՝ 827, 2018 թվականին՝ 509, 2019 թվականին՝ 534: Ըդհանուր առմամբ 5 տարվա մեջ ընթացքում դպրոցն ավարտել է 3 122 շրջանավարտ:

Ծաղիկներ, հապշտապ քայլող մարդիկ, գեղեցիկ հագնված երիտասարդներ, երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, հուզումնալից ապրումներ… Հենց այս օրն է, որ երիտասարդները վերհիշում են դպրոցական անհոգ տարիները: Երկար ու ձիգ թվացող 12 տարիները տեսաֆիլմի նման անցնում են նրանց աչքերի առջև՝ դպրոցական առաջին օր, դասղեկ, դասարան, առաջին սեր, դպրոցական կատակներ ու վեճեր, ստուգողականներ, փախուստ դասերից, ինչու ոչ պատիժ և այլն:

Ջավախքում վերջին զանգն առանձնահատուկ են նշում: Ձևավորված կարծրատիպ է, որը կարծես անհնար է հաղթահարել: Շրջանավարտ ունեցող ընտանիքները վերջին զանգին նվիրված քեֆ են անում: Շատերը, այսպես ասած հետ չմնալու համար, բանկերից նույնիսկ վարկեր են վերցնում:

Ընդհանուր խառնաշփոթի մեջ բոլորը ժպտում են: Շրջանավարտները մի շարքի կանգնած վերջին հրաժեշտն են տալիս այդքան հյուրընկալ հարազատ կրթօջախին: Տնօրեն, դասղեկ, ծնող հրաժեշտի խոսքեր են ուղղում երիտասարդներին, որին հաջորդում է շրջանավարտների հումորային ու հետաքրքիր համարները:

Շնորհավոր սիրելի շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արևի ջերմ ճառագայթներով լեցուն լինի…

Աղունիկ Այվազյան