Առավոտից Երևանում մարդիկ հերթական անգամ բողոքի ցույցի են դուրս եկել, արգելափակել են դատարանների շենքերի մուտքերը, որպեսզի դատավորները չկարողանան մտնել այնտեղ: Բողոքի ցույցը սկսվեց այն բանից հետո, երբ դատարանն ազատ արձակեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ժամը 12:00-ին վարչապետը կհայտարարի մեկնարկը՝ «հեղափոխության կարևորագույն փուլի, ժողովրդի իշխանության հաստատումը դատաիրավական համակարգում»: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերի ժամանակ:

Այսօր, մայիսի 20-ին, առավոտվանից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, նրա կողմնակիցները արգելափակում են դատարանների մուտքեր ու ելքերը: Ցուցարարները կանգնած են Գերագույն դատական խորհրդի շենքի մոտ: Սահմանադրական դատարանի մուտքը նույնպես արգելափակված է:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ, երբ դատավոր Դավիթ Բաբայանը փորձել է մտնել շենք:

Նա փորձել է ներս մտնել պատուհանից, սակայն երկու ցուցարարներ նրան հրել են և նա ընկել է: Բաբայանին այդպես էլ չի հաջողվել մուտք գործել շենք:

Վարչապետի դժգոհությունն առաջացրել է այն փաստը, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԼՂՀ-ի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք անձամբ ներկայացել էին դատարան և հայտարարել, որ յուրաքանչյուրը 500 հազար դրամ է փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

Նշենք, որ մարտ ամսին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում էր կայացրել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման ժամկետը երկարացնել ևս երկու ամիս ժամկետով: Քոչարյանի ձերբակալման ժամկետը լրանում է մայիսի 19-ին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանի սահմանադրական համակարգի տապալման մեջ, ինչպես նաեւ իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ՝ «Էս Էս Սի» ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործելու համար:

Այնուամենայնիվ, նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքները անհիմն են և կեղծված, գործի հիման վրա քաղաքական հետապնդում է կատարվում:

Լուսանկարը jnews-ի արխիվից