Այսօր, մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի 100-ամյա տարելիցը: Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ:

Ախալքալաքում հույներն ու հայերը ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց հազարավոր անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

genocid

1915 թվականի մարտին Զմյուռնիա (այժմ Իզմիր) քաղաքի մերձակայքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ:

Թուրքիայի հունական բնակչության էթնիկ զտումներն ակտիվորեն իրականացնում էին թուրք ազգայնականները Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարությամբ 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի ժամանակ: 1919 թվականի մայիսի 19-ին, երբ Քեմալը ժամանեց Սամսուն և սկսվեց Պոնտոսի հույների կոտորածի երկրորդ ալիքը, նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր:

genoc (1)

Զմյուռնիայի կոտորածը 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի վերջին դրվագն է: 1920 թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը:

Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր: Հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ Ըստ տարբեր աղբյուրների սպանվածների թիվը 60-260.000 է: Եվս 160.000 տղամարդ բռնի տեղահանվել է դեպի Անատոլիայի խորքերը, մեծ մասը զոհվել է ճանապարհին:

Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով 350.000-ից 1,2 միլիոնի է հասնում:

xachqar

1994 թվականի փետրվարի 24-ին հունական խորհրդարանի միաձայն որոշմամբ մայիսի 19-ը սահմանվել է, որպես Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օր: Պոնտոսի հույների ցեղասպանությունն այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան մի քանի նահանգի կողմից: