Ախալքալաքի մունիցիպալիտետում մայիսի 17-ը հայտարարվել է համընդհանուր շաբաթօրյակ: Տեղական ինքնակառավարման մարմինները հորդորում են մասնակցել շաբաթօրյակին ոչ միայն կազմակերպությունների աշխատակիցներին, այլեւ քաղաքի բոլոր բնակիչներին:

Ուրբաթ օրը, մայիսի 17-ին, գյուղերում եւ քաղաքում տեղի կունենա համընդհանուր շաբաթօրյակ: Քաղաքապետարանը ՍՊԸ «Ախալքալաքի սպասարկման կենտրոն»- ի հետ համատեղ արդեն կազմակերպությունների միջեւ բաժանել է մաքրման ենթակա փողոցները եւ տարածքները: Այս տարի մաքրման համար ընտրվել են հիմնականում ոչ կենտրոնական փողոցները, ինչպես նաեւ «Տավշանկա» հանգստի գոտին, գերեզմանոց տանող ճանապարհը, նախկին №1 զինվորական ավանը ու այլ վայրեր:

Շաբաթօրյակը կսկսվի ժամը 10: 00-ին: Մասնակցել ցանկացողները, մաքրման անհրաժեշտ միջոցները՝ տոպրակ, ձեռնոց, բահ, կարող են ստանալ Սպասարկման կենտրոնում՝ ժամը 8: 00-ից սկսած:

Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն մաքրման աշխատանքներին, աղբը պետք է հավաքեն մեկ վայրում, որտեղից Սպասարկման կենտրոնի աշխատակիցները կտեղափոխեն այն:

Այս տարի գյուղերում հավաքված աղբի տեղափոխումը ՍՊԸ «Սպասարկման կենտրոնը» չի կարող կատարել, քանի որ դրա համար գումար չկա նախատեսված: Յուրաքանչյուր գյուղ պետք է աղբը տեղահանի սեփական միջոցներով, իսկ Սպասարկման կենտրոնը կարող է պայմանավորվել ՍՊԸ «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» հետ, որպեսզի աղբը գյուղերից տեղափոխեն աղբավայր:

Մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղապետներին առաջարկեց աղբը հավաքել գոնե կենտրոնական փողոցներից ու ջրատարներից:

Մունիցիպալիտետի ղեկավարությունը խնդրում է բոլոր քաղաքացիներին լինել ավելի ակտիվ եւ մասնակցել շաբաթօրյակին, կարգի բերել իրենց շրջապատը:

Շուշան Շիրինյան