Մայիսի 20-ից վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությանը հնարավոր կլինի գրանցվել Վրաստանի ՆԳՆ-ի Ծառայությունների գործակալության վեբ-կայքում կամ արագ վճարման ապարատների միջոցով: Այս մասին InterpressNews-ին հաղորդել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Ներքին գործերի նախարարության տվյալներով` նոր ծառայությունը վարորդական իրավունք ստանալու տեսական քննության համար գրանցումն ավելի ճկուն կդարձնի, քաղաքացիները կկարողանան իրենք ընտրել ցանկալի գրանցման եղանակը և առանց տնից դուրս գալու, նախօրոք ծրագրել քննության վայրը, ամսաթիվը և ժամը:

Նրանք, ովքեր ցանկանում են էլեկտրոնային եղանակով գրանցել, կկարողանան լրացնել էլեկտրոնային հայտը sa.gov.ge Ծառայությունների գործակալության կայքում, ընտրել ցանկալի ժամանակը և քաղաքը, և վճարել ծառայության արժեքը:

«Այն անձինք, որոնք գրանցվել են առցանց, պետք է ներկայանան Ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալություն` տեսական քննության մեկնարկից առնվազն 10 րոպե առաջ: Քաղաքացիները պարտավոր են Գործակալությանը ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, առողջական վիճակի մասին տեղեկանք և վճարումը հաստատող փաստաթուղթ (կարճ հաղորդագրություն` SMS կամ էլեկտրոնային անդորրագիր):

Վարորդական իրավունք ստանալու համար տեսական քննության էլեկտրոնային գրանցման հետ մեկտեղ, այս քննության գրանցումը հնարավոր է նաև Ծառայությունների գործակալության ցանկացած սպասարկման կենտրոնում:

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ Ծառայությունների գործակալության «թեժ գծի» միջոցով՝ 2 41 91 91, ինչպես նաև առցանց հաղորդակցության ուղիների միջոցով` www.sa.gov.ge կայքում կամ Գործակալության ֆեյսբուքյան էջում», – ասված է Ներքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ: