Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Թամար Թագուհու հիշատակի օրը` մեծ վրացուհի իշխանապետ, որը շատ սիրված և հարգված է ժողովրդի կողմից: Իր կրոնականության, արդարության և իմաստուն իշխանավարման համար նա դասվել է սրբերի շարքին:

«Թամարոբա», այսպես են ավանդաբար անվանում այս տոնը, որը նշվում է տարին մի քանի անգամ: Այս օրը եկեղեցիներում անցկացվում են հանդիսավոր ծառայություններ, պատարագներ, իսկ Թամար անունով բոլոր կանայք նշում են իրենց անվան տոնը: Ախալքալաքի վրացական եկեղեցում նույնպես տեղի ունեցավ տոնական պատարագ, հաղորդում է քահանա Ալեքսեյը:

Թամար Թագուհին, ծագումով Բագրատիոնիների տոհմից, գահակալել է 1178 – 1209 թթ. (Ըստ այլ տարբերակների՝ 1213-թ.): Նրա իշխանավարման շրջանը կոչում են Վրաստանի պատմության «Ոսկե դար»: Իր թագավորության 30 տարիների ընթացքում թագուհին կարողացել է մեծ ներդրում ունենալ պետության զարգացման գործում: Նա ստեղծել է կատարյալ վրացական բանակ, նվաճել է Էրզրումը և Թավրիզը, ինչպես նաև գրանցել է բազում այլ արտաքին քաղաքական հաղթանակներ, նպաստել գրականության մեջ՝ արձակում ռոմանտիկ խոսքի զարգացմանը և վրացերենի կատարելագործմանը, կովկասյան լեռնականների շրջանում տարածել է քաղաքացիականությունը և քրիստոնեությունը:

Ռազմական հաջողությունների շնորհիվ Վրաստանը դարձել է միջնադարյան աշխարհում ամենահարուստ երկրներից մեկը` օգտագործելով այդ հարստությունը երկրում մշակույթի և կրթության զարգացման համար: Երեխաներին ուսուցանում էին աստվածաբանություն, թվաբանություն, աստղագիտություն, օտար լեզուներ և այլ առարկաներ, որոնք այլ պետություններում չէին սովորեցնում: Թամարի թագավորությունը իրական մշակութային ծաղկման ժամանակաշրջան էր` պալատում հավաքվել էին լավագույն երաժիշտները, գրողները, փիլիսոփաները և բանաստեղծները: Հենց նրա իշխանության օրոք ստեղծվեց «Ընձենավորը», որտեղ Շոթա Ռուսթավելին շոշափում է մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ռազմական խիզախությունը, քաջությունը, արիությունը, առատաձեռնությունը և ընկերասիրությունը:

Tamara7