Կախեթիի Ջուգաանի գյուղում (Սիղնաղիի մունիցիպալիտետ), հակակարկտային համակարգի հրթիռը վնասել է բնակելի տան կտուրը: Այս մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ազդանյութը, որն ընկել է տանիք, քանդել է առաստաղը, ապա վնասել հատակը: Միջադեպի ժամանակ ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել, բայց նրանցից ոչ ոք վնասվածքներ չի ստացել:

Դեպքի վայր է այցելել Սիղնաղիի քաղաքապետ Գոգի Գոգիլաշվիլին: Նրա խոսքով, հրթիռից ստացած վնասը աննշան է, սակայն քաղաքապետարանը միևնույն է օգնություն է առաջարկել ընտանիքին:

«Բնական երեւույթների վրա ազդանյութերով ներգործությունների կենտրոնից», որին էլ պատկանում է հակակարկտային համակարգը, հայտարարում է, որ իրենք պարզաբանումներ են պահանջում բուլղարական ընկերության կողմից, որը տեղակայման համար հրթիռներ է արտադրում:

«Կենտրոնի մասնագետներն ինտենսիվ աշխատանքներ են տանում հակակարկտային հրթիռներ արտադրող բուլղարական ընկերության հետ: Նրանք ընկերությունից հրթիռի տեխնիկական հատկորոշումների հետ շահագործման համատեղելիության աշխատանքի վերաբերյալ պարզաբանում են պահանջել»,- լրագրողներին հայտնել են կազմակերպությունից:

«Բնական երեւույթների վրա ազդանյութերով ներգործությունների կենտրոնը» խոստանում է տուժած ընտանիքին հասցված վնասը փոխհատուցել՝ մինչ պատճառները որոշելը:

Վրաստանի ՆԳՆ-ն քննությունն սկսել է «անզգուշությամբ ուրիշի գույքը վնասելը կամ ոչնչացնելը, որի արդյունքում զգալի վնաս է հասցվել» հոդվածով: Կիրակի օրը ոստիկանությունն արդեն զննել է հրթիռի անկման վայրը: Հրթիռի հայտնաբերված բեկորներն ուղարկվել են փորձաքննության:

Հակակարկտային համակարգը Վրաստանում գործում է 2015 թ. գարնանից: Այն կարող է հայտնաբերել կարկտային ամպերը և վերահսկել դրանք նախնական փուլում: Կրակակետերը տեղադրված են Կախեթիի յուրաքանչյուր շրջանում: