Այս տարի Թել Ավիվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն անցել է երկրորդ փորձը` պայթեցնելով դահլիճն իր հզոր կատարմամբ: Սրբուկի երկրորդ փորձի տեսանյութն արդեն տեղադրված է մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում՝ Eurovision Song Contest:

Ավելի վաղ, մայիսի 6-ին, փորձն անցավ Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն: Հանդիսատեսը հիացած էր վրաց մասնակցի հզոր ձայնով և տպավորիչ շոուով, համարի գրաֆիկայով և հզոր երգով:

Այս պահի դրությամբ մրցույթի երեք ֆավորիտներն ըստ բուքմեյքերների արդեն առանձնացվել են: Նրանցից առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նիդերլանդների երգիչը՝ Դունկան Լոուրենսը, ով կկատարի «Arcade» ստեղծագործությունը, որին հաջորդում է Շվեդիայի ներկայացուցիչ Ջոն Լունդվիգը «Too late for love» երգով, իսկ երրորդ տեղը, ըստ կանխատեսումների, սպասվում է` Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւին՝ «Scream» երգով: Այս մասին վկայում են Eurovision World-ի ռեսուրսի տվյալները:

Մրցույթի մեկնարկին մնացել է ընդամենը մի քանի օր: Հիշեցնենք, որ առաջին, երկրորդ կիսաեզրափակիչները և Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին՝ Թել Ավիվում:

Նեմսաձեն ելույթ կունենա մայիսի 14-ին՝ առաջին կիսաեզրափակչի երկրորդ մասում՝ 11-րդ համարի ներքո, «Սուլ ծին իարե» (Միշտ քայլիր առաջ) երգով:

Հայաստանի ներկայացուցիչը՝ Սրբուկը, «Walking out» երգով, մայիսի 16-ին՝ կբացի երկրորդ կիսաեզրափակիչը, նա կներկայանա առաջին համարի ներքո: