Մայիսի 7-ին, միաժամանակ աշխատանքից հեռացման դիմում են գրել Ախալքալաքի քաղաքապետարանի երկու ծառայությունների ղեկավարներ: Jnews-ի հետ զրույցում Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության արդեն նախկին ղեկավար Ալբերտ Նահատակյանն նշեց, որ հեռացման դիմունը պարտադրված է գրել և դա եղել է 4 մարդու որոշում:

Ալբերտ Նահատակյանն Ախալքալաքի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է սկսած 2015 թվականից: Սակայն մայիսի 7-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Jnews-ը փորձեց ճշտել թե ինչու վերջինս հանկարծ որոշեց հրաժարականի դիմում գրել:

«Ինձ առաջարկել են մի աստիճան ցածր պաշտոնի և ղեկավարին օգնողի դերում լինել, այսինքն ես դեռ պետք եմ իրենց: Իմ որոշումն այսպիսին էր՝ ավելի ճիշտ է թողնել պաշտոնը, քան մնալ, որովհետև այդ մթնոլորտում աշխատել չի լինում, ինչ որ հիմա է: Աշխատանքային մթնոլորտ, հարաբերություն իմ ու ղեկավարության հետ չէր ստացվում: Առանց որևէ պատճառի, ես ճիշտ չգտա նույն բաժնում, մեկ աստիճան ցածր կարգավիճակում շարունակել աշխատել, դրա համար գրել եմ դիմում: Իմ բնավորության գիծն է, շատ դժվարությունով ձեռք բերածը հեշտությամբ թողնել, երբեք ես աշխատանք չեմ փնտրել, ինձ առաջարկել են, իսկ ես համաձայնվել եմ: Այստեղ հակառակ քայլն է եղել, ես աշխատել եմ, օգնել իրենց ամեն հարցով, բայց իրենք նպատակահարմար չեն գտնում իմ հետագա աշխատանքը: Ես գտնում եմ, որ այստեղ կուսակցությունը (Խմբ. «Վրացական երազանք») գործ չունի, սա չորս մարդու որոշում է: Պահվածքները, իրենց վերաբերմունքը ցույց է տալիս, որ ինձ չեն գնահատել, մեկ տարուց ավել է Ենթակառուցվածքների ծառայության ղեկավարն առանց մեքենայի է, դուք կարող եք մի շրջան ասել, որ այդ ծառայությունը մեքենայով ապահովված չէ: Ասում են, որ անորոշ է, թե ուր եմ քշում, վառելիքի ծախսը և այլն», – ասաց Ալբերտ Նահատկյանը:

Նահատակյանն իր հեռացման բացատրությունը խնդրեց պարզել Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանից, քաղաքապետ՝ Յուրիկ Ունանյանից, խորհրդարանի պատգամավոր՝ Հենզել Մկոյանից և փոխքաղաքապետ՝ Արմեն Մառանգոզյանից:

«Մենք իրեն չենք պարտադրել, պարզապես ժողովրդի կողմից միշտ եղել է բողոք, որ տենդերները ճիշտ չեն կատարվում, ճիշտ մարդիկ չեն հաղթում այդ տենդերները, աշխատանքների որակը լավ չի: Բողոքներ կան ժողովրդի կողմից և դա ոչ թե չորսիս նախաձեռնությունն է, դա «Երազանք» կուսակցությունն արդեն մի քանի ամիս է մատնանշում էին խնդիրները: Ճիշտն ասած քանի որ ինքը իր գործը շատ լավ գիտեր ու մասնագետ էր, փոխարինող չկար և միշտ մտածում էին՝ ու՞մ նշանակել իր փոխարեն, այդ հարցը ձգձգվում էր ու վերջապես փոխարինող գտնվեց: Իսկ, թե ո՞վ կլինի ես չգիտեմ, դա քաղաքապետը կնշանակի, վականսիա կլինի, դա հարց է, ես չգիտեմ, քաղաքապետը թող կոնկուրսով որոշի»,- ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը Նահատակյանի հեռացման մասին մեր հարցադրմանը տվեց հետևյալ բացատրությունը. «Երևի անցած տարվա իրականացրած աշխատանքներում մի քիչ բացթողումները շատ էին, գյուղերն ենք գնում, բողոքում են, մի տեղ ջուրը նորմալ չի հոսում, մյուս տեղում ճանապարհը լավ չեն կառուցել: Ալբերտն էլ, Աշոտն էլ բարձրակարգ մասնագետներ են: Ալբերտը լավ մասնագետ է, բայց մեղմ բնավորություն ունի: Ես չգիտեմ մենք երկուսին հանելով ճիշտ արեցինք, թե՞ սխալ, ժամանակը ցույց կտա, սպասենք տեսնենք», – ասաց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը վստահեցրեց, որ եթե մարդը չուզի, ինչքան էլ ստիպես չի հեռանա և որ Նահատակյանի աշխատանքից հեռացման դիմումն իր կամքով է գրվել:

«Ով կարող է նրան ասել այսպես կամ այնպես, եթե ինքը չի ուզում, հոգնել է գործից: Իրոք եմ ասում, ինքն է ինձ ասել, որ հոգնել է: Նորմալ աշխատողն այդտեղ իրոք կհոգնի, ինքը նորմալ աշխատողներից մեկն էր: Եթե այդ անձնավորությունը չուզենար ազատվել աշխատանքից, կյանքում նրան ոչ ոք չէր կարողանա հանել: Միանշանակ ես նորից եմ կրկնում՝ որպես մասնագետ նրան ոչ ոք ոչինչ չասի: Ես մեկ ու կես տարի իր հետ աշխատել եմ, այդ մարդը մասնագետ է, իր գործը գիտի ու բոլորիս էլ հաճելի էր հետն աշխատել, բայց մարդը հայտարարեց որ հոգնել է», – հաստատեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը բացարձակ հերքեց, որ Ալբերտ Նահատակյանին ստիպել են հեռանալ:

«Ես գիտեմ, որ ինքը դիմում է գրել, իսկ քաղաքապետը բավարարել է իր դիմումը, այսքան բան: Ես ոչ միայն ուրիշ բան չեմ կարող ասել, այլև ուրիշ բան չկա», – տեղեկացրեց Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Ենթակառուցվածքների զարգացման ընթացքում Ախալքալաքում բազմաթիվ խնդիրներ են ծագում: Իսկ կլուծվեն այդ խնդիրները քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավարի փոփոխության արդյունքում, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Աղունիկ Այվազյան