Սեպտեմբերին Թբիլիսիում կբացվի Մայա Չիբուրդանիձեի անունը կրող շախմատի ակադեմիա, որը կոչվում է «Շախմատային թագուհի», այս մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ակադեմիան բացվելու է Դիդի Դիղոմի թաղամասում: Այնտեղ երիտասարդներին շախմատ խաղալ կսովորեցնեն ըստ վրացական լեգենդար շախմատիստուհու հեղինակային ծրագրի:

Մինչ այդ, մոտակա դպրոցներում եւ մանկապարտեզներում կներկայացվի Ակադեմիայի ցուցադրական ծրագիրը` «Ուրախ շախմատ»: Առաջին միջոցառումն արդեն անցել է Դիդի Դիղոմիի թիվ 198 մանկապարտեզում: Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել ճատրակի հետ:

Մայա Չիբուրդանիձեն վրացի խորհրդային շախմատիստուհի է, աշխարհի վեցակի չեմպիոնուհի է (1978-1991 թթ.)։ Շախմատային օլիմպիադաների իննակի հաղթող (ԽՍՀՄ կազմում՝ 5 անգամ, Վրաստանի հավաքականի կազմում՝ 4)։ 1978 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում, իսկ 1984 թվականից գրոսմայստեր է։ Կանանց օլիմպիադաներում հաղթանակների քանակով միայն զիջում է Նոնա Գափրինդաշվիլուն։