Զինակոչիկների 10-15%-ը տարեկան 2000 լարի է վճարում զինվորական ծառայությունը հետաձգելու համար: Հիմնական պատճառներն են՝ լեզվի չիմացությունը եւ այն, որ «12 ամսվա ընթացքում կարող եմ վաստակել 5 անգամ ավելի, քան ես վճարում եմ 18 ամսվա համար»:

Ըստ վրացական օրենսդրության` ուսանողները, առողջական խնդիրներ ունեցող ուսուցիչները, ընտանիքի միակ կերակրողները, թոշակառու ծնողների որդիները, ժամանակավորապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Ամուսնացածները, ովքեր ունեն 1 երեխա՝ ազատվում են 3 տարով, իսկ նրանք, ովքեր ունեն 2 երեխա՝ ընդհանրապես չեն զինակոչվում:

Կարտիկամ գյուղում՝ մեր հարցման ժամանակ, 15 երիտասարդ տղաներից 10-ը պատասխանցին, որ չեն ծառայել: Jnews.ge-ի հետ զրույցում, երիտասարդները նշեցին, որ նրանք արդեն վճարել են հետաձգման համար: Նրանք չեն ցանկանում ծառայել, բացատրելով դա հետեւյալ կերպ.

«Անձամբ ես վրացերեն չգիտեմ, դրա համար էլ չէի ուզում ծառայել, վճարեցի 2000 լարի եւ ազատվեցի, բայց չգիտեմ, թե ինչ է լինելու հետո, եթե կրկին ուղարկեն ծանուցագիր, այդ ժամանակ էլ կմտածեմ»:

Որոշ երիտասարդներ իրենք են ցանկանում ծառայել, բայց ծնողները դեմ են, վախենում են:

«Իմ որդին ուզում էր ծառայել, բայց ես դեմ էի, մեզ մոտ բանակում ծառայողները շատ քիչ են, ուստի չէի ուզում որդիս ծառայեր, մարդիկ կմտածեին, որ մենք չենք կարող վճարել մեր որդուն ծառայությունից ազատելու համար», – ասում է զինակոչիկի մայրը:

Կան այնպիսիք էլ, ովքեր դեմ չեն ծառայելուն, բայց ծառայության փոխարեն ընտրում են 12 ամիս աշխատելը եւ գումար վաստակելը:

«Ժամանակին ես իսկապես ուզում էի ծառայել, ես չեմ ծառայել, որովհետեւ տանը, բացի ինձանից, միայն մայրս եւ հայրս են, եւ նրանք իմ օգնության կարիքն ունեն, որովհետեւ մենք ապրում ենք գյուղում և միշտ գործեր ունենք»:

Արմենն ու Վալերը ծառայել են և նրանց վրացիների չիմացությունն առանձնապես չի խանգարել:

«Երբ ես ծառայում էի, ամեն ինչ լավ էր, ոչ ոք չէր վիրավորում, մի խնդիր կար, դա լեզուն էր, բայց դա հաղթահարելի է», – ասում է Արմենը:

Ներկայումս, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղից ծառայում է երեք հոգի՝ Սեւակ Չնավյանը, Հովակիմ Օքրոյանը եւ Մարտիրոս Պոզոյանը:

2019 թվականի առաջին եռամսյակում Ախալքալաքի շրջանում ծանուցագիր էին ստացել ավելի քան 200 երիտասարդ, սակայն ծառայության էին գնացել ընդամենը 43 զինակոչիկ:

2019 թ. , ծանուցագիր ստացած 200 երիտասարդներից 33-ը՝ 18 ամսով զինվորական ծառայության հետաձգման համար վճարել էր 2000 լարի: 2018 թվականին Ախալքալաքի շրջանից զինակոչվել է 110 երիտասարդ:

Ախալքալաքի զինվորական հաշվառման եւ զորակոչային ծառայության տրամադրած տվյալների համաձայն, ծանուցագիր ստացել է ընդամենը 411 երիտասարդ: Նրանցից միայն 110-ն է ծառայության անցել, նրանցից երկուսը կոչվել են այլընտրանքային ծառայության` չնչին առողջական խնդիրներ ունեցող անձանց համար: Այս ծառայությունը փոքր-ինչ տարբերվում է սովորականից, այն տևում է 18 ամիս, ծառայությունն ընթանում է միայն աշխատանքային ժամերին: Հիվանդության պատճառով 32 երիտասարդ տարկետում է վերցրել, 238–ը ուսանող են, 26 զինակոչիկ գտնվել է արտերկրում: 411 զորակոչիկներից 3-ը օտար երկրի քաղաքացի են, իսկ 42 երիտասարդ է 2000-ական լարի՝ 18 ամիս ժամկետով զինվորական ծառայությունը հետաձգելու համար:

Հարկ է նշել, որ նույն երիտասարդը կարող է 2000 լարի վճարել միայն երկու անգամ կամ հետաձգել ծառայությունը մինչև 25 տարեկանը լրանալը:

Ախալքալաքից զինվորական ծառայության են կոչվում երեք գերատեսչություններում` Պաշտպանության նախարարություն, ՆԳՆ եւ Արդարադատության նախարարություն:

Վրաստանում զինակոչային հասակը տատանվում է 18-ից 27 տարիքային սահմանում: Պարտադիր զինծառայությունը տեւում է 1 տարի:

Բրատիսլավ Իգիթխանյան