Մայիսի 4-ին Նինոծմինդայում ուժգին քամու հետևանքով տուժած տների սեփականատերերին քաղաքապետարանը մասամբ կհատուցի վնասը: Տուժողները պետք է դիմեն քաղաքապետարան` դիմումով, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրի յուրաքանչյուր գործ:

Ըստ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, սեփականատերերը պետք է դիմումներ ներկայացնեն հարցը քննարկելու համար: Դրանից հետո հանձնաժողովը կգնահատի վնասի չափը եւ կորոշի փոխհատուցման գումարը: Ըստ քաղաքապետի` վնասի հատուցումը մասնակի կլինի:

«Մենք սպասում ենք քաղաքացիների դիմումների, այսօր նրանք կարող են ներկայացնել դրանք: Դրանից հետո կսկսվի քննարկումը», – ասում է Անիվարդ Մոսոյանը:

Մինչև շաբաթվա վերջ հանձնաժողովը պետք է ավարտի իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, Նինոծմինդայում ուժեղ քամու հետևանքով, ըստ նախնական տվյալների, վնասվել էին 4 տան տանիքներ: