Ախալքալաքում շատերը բախտագուշակների մոտ են գնում, երբ հայտնվում են բարդ իրավիճակում: Հաճախ ոստիկանության կամ բժշկի գնալու փոխարեն, նախընտրում են իրենց խնդիրները լուծել «այլ ուժերի» միջոցով: Ոմանք կուրորեն հավատում են բախտագուշակմանը, իսկ ոմանք էլ դրան նայում են որպես ժամանակ անցկացնելու միջոց:

Ժամանակակից աշխարհում, բանականության, գիտության եւ նորարար տեխնոլոգիաների առաջընթացի ժամանակ, մարդկության ուշագրավ մասը չի դադարում հավատալ անդրաշխարհային, իռացիոնալ ուժերին: Հետաքրքրությունը դեպի գուշակությունը, սնահավատությունը եւ բոլոր տեսակի կախարդական ծեսերը սրընթաց աճում է, եւ այս աշխարհի առավել ձեռնարկող ներկայացուցիչները չեն անտեսում հնարավորությունն իրենց «ունակությունը» շահութաբեր բիզնես դարձնել: Նրանց նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, հասարակության մեջ կարելի է գտնել ինչպես թերահավատորեն տրամադրված մարդկանց, այնպես էլ նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են նման երեւույթների ճշմարտացիությանը:

Աննա Հովհաննիսյանը (անունը փոխված է) թույլ չի տալիս կասկածներ ունենալ գերբնական ուժերի գոյության մասին: «Ես հավատում եմ գուշակներին: Լինում է, որ նրանց խոսքերը ճիշտ այդպես ի կատար են ածվում, եւ անցյալի նկարագրությունը համընկնում է», – կիսվում է նա: Հերոսուհին կարող է դիմել բախտագուշակներին տարին մի քանի անգամ, կամ եթե քաղաք է եկել ինչ-որ հետաքրքիր գուշակ: Նրա խոսքով, իրեն դրան են դրդում իր կյանքում տեղի ունեցող անհաջողությունները:

«Հիմնականում ես եղել եմ այն գուշակների մոտ, ովքեր աշխատում են աղոթքի օգնությամբ: Մի անգամ ես մեկ տղամարդու մոտ եղա, որը շատ մանրամասն կանխատեսեց մեր ապագան, մինչեւ նույնիսկ վթարը, որը հետագայում տեղի ունեցավ մեր ընտանիքի հետ: Դա ցնցեց ինձ», – պատմում է Աննան:

Այնուամենայնիվ, նա չի կարծում, որ կանխավ նկարագրված դեպքը կարող է պատահականություն լինել: «Երբ մի քանի մարդ ասում է նույնը, ինչպես կարող է դա պատահականություն լինել», – ասում է նա:

Միեւնույն ժամանակ Աննան հավատում է «գերբնական աշխարհի» բոլոր դրսեւորումներին` խաղաքարտերին, սուրճի բաժակին, վճիռնրին եւ աղոթքներին: Նա նշում է, որ ի տարբերություն այլ գուշակությունների, խաղաքարտերով գուշակության եւ բաժակ նայելու համար ինչ-որ հատուկ ունակություն պետք չէ, բավական է իմանալ անհատական խորհրդանիշների եւ խաղաքարտերի իմաստը:

Ընդհանուր, նա չեզոք է վերաբերում այս երեւույթին, ոչ հավանությամբ, ոչ էլ ժխտողականությամբ: Նրա համար ավելի կարեւոր է, որ վերջին հաշվով գուշակի մոտ հաճախելն օգտակար լինի, զգուշացնի եւ փրկի նրան ձախողումներից: Նա չի կարծում, որ բախտագուշակները մարդկանց օգտագործում են իրենց բիզնեսը զարգացնելու համար:

«Իհարկե, սա բիզնես է, այդ մարդիկ ապրում են իրենց շնորհի հաշվին, բայց ոչ ոք չի ստիպում որեւէ մեկին ձեռք բերել որեւէ թալիսմաններ, իրականացնել որոշակի վճարովի կարգեր եւ այլն: Դա մարդու անձնական ընտրությունն է»:

Ինչ նա ծանոթ է այս երեւույթին, Աննան երբեք մեծ գումարներ չի ծախսել գուշակության համար, բայց լսել է այն դեպքերի մասին, երբ մարդիկ մեծ գումարներ են ծախսել:

Արդյո՞ք գուշակների կանխատեսումները միշտ են կատարվում: Աննան վստահ է, որ ոչ բոլոր մարդկանց բախտը կարելի է ճիշտ գուշակել: «Կան մարդիկ, որոնց ճակատագրերը չեն կարող կարդալ, եւ դա, ամենայն հավանականությամբ, այս ամենի նկատմամբ անհավատության պատճառով է», – ասում է նա:

Մասնագիտությամբ կոսմետոլոգ եւ դիմահարդար Սոֆյա Բիչախչյանը, որպես իրական թերահավատ, կտրականապես բացառում է գերբնական ուժերի գոյությունը: Նա գործնականում չի օգտվել բախտագուշակների ծառայություններից. «Եղել է, որ ինչ-որ բախտագուշակ է եկել քաղաք՝ բաժակ նայելու, մարդիկ ամբողջ փողոցով հավաքվեցին ու գնացին նրա մոտ: Ես միացա նրանց հանուն հետաքրքրասիրության: Բայց ընդհանրապես ես չեմ հավատում նման բաներին»:

Հետաքրքիր է, որ Սոֆյայի մոտ կանխատեսումների մի մասը ճշգրտորեն կատարվել են: «Մի անգամ, հարազատները գնացին մի այդպիսի ժամանած գուշակի մոտ եւ պարզապես ինձ իրենց հետ տարան: Ես 14 տարեկան էի, ինձ չէին պլանավորել ցույց տալ նրան: Երբ այս կինը տեսավ ինձ, նա ասաց. Ես պետք է գուշակություն անեմ այս աղջկան: Նա տեսավ շատ լավ բաներ, մանրամասն պատմեց ամուսնության մասին, այն տան մասին, որտեղ ես ապրելու եմ, նույնիսկ մեքենայի գույնի մասին, որով ինձ փախցնելու էին: Մի քանի տարի անց ամեն ինչ տեղի ունեցավ հենց այդպես», – պատմում է հերոսուհին:

Այնուամենայնիվ, դա չնպաստեց բախտագուշակների հանդեպ իր հավատի ամրապնդմանը, նա համոզված է, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան զուգադիպություն:

Այն հազվադեպ դեպքերը, երբ Սոֆյան ինքնուրույն որոշել է դիմել գերբնական մեթոդներին, եղել են կյանքի դժվարին իրավիճակներում: Երբ գողերը ներխուժել էին տուն, ինչպես նաեւ որդու վթարից հետո, շատերը խորհուրդ տվեցին դիմել բախտագուշակի:

«Նման իրավիճակներում մտածում ես, որ ամեն դեպքում լավ է գնալ եւ վստահ լինել, որ արել ես այն ամենը, ինչ կախված էր քեզնից: Այդ ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ այս ամենը սուտ է: Եթե իրավիճակը վերաբերեր միայն ինձ, ես հաստատ չէի գնա», – կիսվում է նա:

Սոֆյան նշում է, որ նա չի հավատում նման էներգիայի դրսեւորումներից որեւէ մեկին, ոչ աչքին, ոչ սուրճի բաժակին, ոչ խաղաքարտերով գուշակությանը, ոչ էլ հատուկ աղոթքներին: Ինչ վերաբերում է եկեղեցական տոներին գուշակություններին, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին, նա համարում է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան երիտասարդական զվարճանքները, չնայած այն բանին, որ Սուրբ Սարգսին նման գուշակություններից հետո նա նորից երազում տեսել է իր ապագա տունը:

Սոֆյան համոզված է, որ նման գործողությունները միայն բացասական հետեւանքներ են ունենում այն անձի կյանքում, ով դիմում է դրանց: «Հավանաբար, այդ մարդկանց մեջ անմաքուր ինչ-որ բան կա, եթե նրանք կարողանում են տեսնել քո անցյալը կամ ապագան», – ասում է նա: Նրա կարծիքով, դա փոս է, որը ավելի ու ավելի է խորասուզում մարդուն: Գուշակներն առաջին հերթին լավ հոգեբաններն են, ովքեր գիտեն, թե որ կետերին պետք է ճնշել: Նրանք քեզ գցում են թակարդը, հետո քամում են Ձեր փողերը: Իհարկե, սա անշուշտ բիզնես է», – կիսվում է Սոֆյան:

Նրա կարծիքով, գուշակության նման տարածվածությունը բացատրվում է նրանով, որ մարդիկ դիմում են դրանց կյանքի դժվարին իրավիճակներում, երբ կորցրել են բոլոր հույսերը: Այնուամենայնիվ, նա վստահ է, որքան հեռու ես նման էներգետիկայից, ավելի պարզ ու մաքուր է քո միտքը, այնքան ավելի ճիշտ է մարդը որոշումներ կայացնում եւ հաղթահարում խնդիրները:

Ամալյա Բաբայան