Ախալքալաքում դպրոցական կրթությունն աշակերտներին համալսարան ընդունվելու համար բավարար գիտելիքներ չի տալիս, այս մասին վկայում է այն, որ յուրաքանչյուր դիմորդ պարապում է մի քանի դասուսույցի մոտ: Կախված նրանից, թե որ երկիր եւ ինչ ֆակուլտետ է դիմորդը պատրաստվում ընդունվել, ընտրվում են առարկաները, որոնք պետք է ամրապնդել:

Երեւան

Հայաստանում բուհ ընդունվելու համար հաճախ դիմորդները պարապում են հայերեն, ինչպես նաեւ այն առարկաները, որոնք պետք է հանձնեն կոնկրետ ֆակուլտետ ընդունվելու համար, քանի որ Վրաստանի դպրոցական ծրագիրը տարբերվում է Հայաստանի ծրագրից:

Տնտեսագիտության ֆակուլտետ ընդունվելու համար Ելենա Բարբարյանը մեկ տարի հավելյալ պարապում էր մաթեմատիկա: Նա համարում է, որ առանց այդ պարապմունքների չէր կարողանա ընդունվել, քանի որ այդ առարկան նա լավ չգիտեր, իսկ դպրոցական գիտելիքները բավարար չէին: Նրա կարծիքով, դիմորդներին բավարար չէ դպրոցական ուսումնական ծրագիրը, քանի որ Ախալքալաքում դասավանդվում են վրացական ուսումնական ծրագրով, իսկ Երեւանում ընդունվելու համար անհրաժեշտ է տիրապետել հայկական ծրագրին:

Շոթա Աբրահամյանն ավարտել է Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցը: Նա նախքան Երևանում ընդունվելը, մոտ մեկ տարի հավելյալ պարապել է ռուսերեն, հայերեն եւ մաթեմատիկա: Նա վստահ է, որ անհնար է համալսարան ընդունվել միայն դպրոցական գիտելիքներով:

«Մեր դպրոցները վատ են ուսուցանում: Դպրոցական գիտելիքներով, անվճար հնարավոր չէ ընդունվել, նույնիսկ վճարովիի դեպքում էլ խիստ կասկածում եմ», – ասում է նա:

Թբիլիսի

Վրացական բուհերում ընդունելության համար դիմորդները հանձնում են տրամաբանություն (ընդհանուր ունակություններ) առարկան, որը դպրոցներում չեն անցնում, այդ իսկ պատճառով բոլոր դիմորդները պարապում են դասուսույցների մոտ:

Դավիթը ծրագրավորման ֆակուլտետի ուսանող է: Նա լրացուցիչ պարապել է տրամաբանություն եւ մաթեմատիկա: Ըստ նրա, քննության մեջ ներառված մաթեմատիկական հարցերը նրանք չեն անցնում դպրոցում, իսկ տրամաբանություն առարկան ընդհանրապես դպրոցական ծրագրում չկա: Ավելին, որոշ առարկաներ` ֆիզիկան, քիմիան, աշխարհագրությունը եւ կենսաբանությունը, դպրոցականներն անցնում են մինչեւ 11-րդ դասարանը, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր մտադիր են ընդունվել այդ ուղղություններով, ստիպված են հավելյալ պարապել:

Բժշկականի ուսանողուհի Քնարը սկզբում պատրաստվում էր հատուկ ծրագրով ընդունվել Ռուսաստանում, բայց նրան ուղարկեցին այն քաղաք, որտեղ նա չէր ցանկանում շարունակել ուսումը: Զուգահեռաբար հանձնել էր իր փաստաթղթերը Թբիլիսիում եւ ընդունելության համար նա 5-6 դասընթաց էր անցել մաթեմատիկայից, իսկ մինչ այդ պարապում էր քիմիա: Այդուհանդերձ, նա չի գտնում, որ այդ պարապմունքները որեւէ արդյունավետություն են ցուցաբերել: Նրա կարծիքով, կարող էր ընդունվել առանց դրա:

Բժշկական ֆակուլտետի ուսանող Բիչախչյան Հայկը կարծում է, որ համալսարանների դիմորդների պատրաստվածության բացակայությունը ոչ միայն դպրոցի և դպրոցական ծրագրի մեղքն է, այլեւ ծնողներն են պատասխանատու դրա համար:

«Կարծում եմ, խնդիրը ընտանիքի մեջ է: Նրանք ժամանակին չեն օգնում երեխային որոշելու, թե որ առարկաներն են նրա համար առաջնահերթ, եւ նա բաց է թողնում դպրոցում այս առարկայի մեջ խորանալու հնարավորությունը: Արդեն այն բանից հետո, երբ նա ընտրում է ուղղությունը, ընդունելության համար քիչ ժամանակ է մնում եւ պետք է լրացնել բացը դասուսույցների մոտ: Եվս մեկ խնդիր է ուսուցիչների մոտեցումը: Իհարկե, նրանք իրենց բնագավառում արհեստավարժ են, բայց, ցավոք, նրանք չեն կարող հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ, նրանց մոտ սեր առաջացնել դեպի առարկան», – ասում է նա:

Անշուշտ, համալսարան ընդունվելը շատ պատասխանատու քայլ է, որի համար անհրաժեշտ է նախապատրաստվել: Այնուամենայնիվ, լրացուցիչ գիտելիք ստանալը պետք է լինի յուրաքանչյուրի անձնական ընտրությունը, այլ ոչ թե ստիպողական: Կրթական համակարգը պետք է դպրոցականներին ապահովի այն գիտելիքներով, որը պահանջում է ընդունելության համար:

Ամալյա Բաբայան