ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը փակ հանդիպում ունեցավ Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների, հասարակական ու մշակութային գործիչների հետ, որի ընթացքում քննարկվեց վիրահայ համայքի խնդիրները, Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները և այլ հարցեր:

Հանդիպումը կայացավ մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում, մայիսի 4-ին:

Վլադիմիր Կարապետյանը ողջույնի խոսքում ներկայացրեց Հայաստանում պլանավորվող ծրագրերի մասին, նշելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է վիրահայ համայնքի կարծիքը լսել, թե ինչ կարելի է անել Վրաստան-Հայասան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, ինձ հետ տանել մոտեցումներ, թե ինչպես կարելի է աշխատել վիրահայ համայնքի հետ, ինչ կարելի է անել Հայաստան-Վրաստան մեր կողմից շատ կարևորվող հարաբերությունների զարգացման համար»,-հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված խոսքում ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Վերջինս վերհիշեց 2018 թվականի ապրիլյան թավշյա հեղափոխությունը և նշեց՝ Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ իշխանությունը ժողովրդի մեծ մասի աջակցությունն է վայելում: Ինչպես նաև ներկայացրեց երկրի արագ զարգացան համար մշակված նախագծերը, որոնցից առաջնահերթ ուշադրություն են հատկացվում տնտեսական բարեփոխումներին, դատարանի գործունեությանը և հարկային դաշտի պարզեցմանն ու հարմարեցման նոր պայմաններին։

«Կարող եմ մի բան ասել, որ վարչապետը տրամադրված է Վրաստանի հետ ավելի խորը գործընկերական հարաբերություններ զարգացնել, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է անում, ակտիվ շփման մեջ է իր կոլեգայի հետ։ Հուլիսին տեղի կունենա երկար դադարից հետո առաջին միջկառավարական հանձնաժողովի նիստը: Կոնկրետ տնտեսական հարցեր կքննարկվեն Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար»,- նշեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակը։

Եվ հորդորեց վիրահայերին դիմել դեսպանությանը իրենց հուզող խնդիրներին լուծում ստանալու համար:

Կարապետյանի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի հետ ազատ փոխհարաբերություններ ձևաչափով էր, և նա պատասխանեց դահլիճից հնչեցված «թեժ» հարցերին ու արձագանքներին։

Վերնատան ներկայացուցիչները մտահոգված են, արդյո՞ք Վերնատունը կհրապարակի ամենամյա տարեգիրքը, իրենց օգնում էր սփյուռքի նախարարությունը և այս տարի կստանան արդյո՞ք նույն օգնությունը:

Ինչին ի պատասխան մամլո քարտուղարը նշեց. «Որոշում է կայացվել գլխավոր հանձնակատարի ինստիտուտ ստեղծել, և այս լուծումն ավելի ամուր հիմքերի վրա կդնի սփյուռքի հետ հարաբերությունները: Գլխավոր հանձնակատարը նույնիսկ ավելի բարձր կարգավիճակ է ունենալու քան նախարարը, և այն կունենա անձնակազմ: Հանձնակատարը կարողանալու է համակարգել մի քանի գերատեսչությունների հետ աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում, ինչը կտա իր նշանակալի արդյունքները»։

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասագրքերի հարցին և նշվեց, որ այս հարցը նույնպես կվերանայվի:

Բարձրաձայնվեց նաև բազում այլ հարցեր՝ կապված եկեղեցիների, իրավաբանական օգնություն ստանալու, նաև առանց անձնագրի Հայաստան-Վրաստան այցերի մասին: Ներկաները հույս հայտնեցին, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախ կրկնվեն, ինչը նույնպես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը կարևորեց նման հանդիպումներն առկա խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Կարապետյանը նկատեց՝ հիմա վիրահայությունը շատ ավելի ինքնավստահ է, շատ ավելի կայացած և ամբողջությամբ գիտակցում է իր պահանջները նաև Հայաստանի նկատմամբ։

Ռիմա Մառանգոզյան