Ախալքալաքի քաղաքապետի հրամանով, որը ստորագրվել է 2019 թ. մայիսի 2-ին, Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը հաստատեց փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանը երկար ժամանակ ուսումնասիրում էր Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման գործունեության մասին հաշվետվությունը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետի հրամանով, Միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ախալքալաքի մունիցիպալիտետին կից Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայությունից տեղեկացրեցին, որ պաշտոնից հեռացման մասին «ասեկոսե» կա, բայց իրենք չունեն փաստաթղթեր, որոնք կհաստատեն այդ տեղեկատվությունը:

«Ես լսել եմ, որ հրամանը ստորագրվել է, բայց մանրամասների մասին տեղյակ չեմ», – ասում է ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:

Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը հաստատեց տեղեկությունը:

«Ախալքալաքի Մանկապարտեզի միավորման տնօրենի պաշտոնանկության մասին հրամանագիրը ստորագրվել է երեկ երեկոյան: Երեկվանից պաշտոնապես նա այլևս չի համարվում տնօրեն: Հեռացման պատճառները բազմաթիվ են: Կատարվել է գործավարույթ, որից հետո որոշվել է նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Մինչ այս նա արդեն ուներ նկատողություն», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Զարուհի Բարբարյանն անձամբ հաստատեց իր պաշտոնանկությունը, սակայն հրաժարվեց մեկնաբանել այն: Աշխատանքի ազատման պաշտոնական պատճառը դեռեւս պարզ չէ, սակայն այն, որ Մանկապարտեզների միությունում առկա են խնդիրներ, վաղուց է հայտնի: