Վրաստանի բուհերում տարեց տարի ավելանում է հայալեզու դիմորդների և ուսանողների թիվը: Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստացող Ջավախքի երիտասարդները հաճախ իրենց ապագան թողնում են ժամանակի քմահաճույքին, և միայն համալսարանն ավարտելուց հետո են որոշում՝ վերադառնա՞լ, թե մնալ մայրաքաղաքում:

Գայանե Գեզալյանը 5 տարի սովորելով Թբիլիսիի պետական համալսարանում վերադարձել է Ախալքալաք և շարունակում է տեղում աշխատել։ Բայց Ախալքալաք վերադառնալու պատճառը պարզաբանում է «հանգամանքների բերումով»:

«Թբիլիսիում աշխատանքի անցնելու համար սովորաբար աշխատանքային փորձ են պահանջում, իսկ այդ ժամանակ, որ ավարտեցի բակալավրս, ինձ աշխատանք առաջարկեցին Ախալքալաքում։ Մտածեցի մի քիչ կաշխատեմ, փորձ կհավաքեմ հետո կգնամ մագիստրատուրա կշարունակեմ։ Հիմա արդեն ալարում եմ գնալ և շարունակել», – ասում է Վրաստան բանկի գանձապահ-օպերատոր Գայանե Գեզալյանը։

Չնայած Ախալքալաքում աշխատանքով ապահովված լինելուն, Գայանեն միևնույն է մտածում է Թբիլիսի գնալու և այնտեղ ապրելու մասին։

Արուսյակ Ֆարմանյանը, ով սովորում է Թբիլիսիի Տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, կարծում է, որ Ախալքալաքում ավելի շատ են հնարավորությունները մասնագիտորեն հաստատվելու ու կայունանալու համար, և նախընտրում է վերադառնալ Ջավախք։

«Ես կարծում եմ ինձ համար ավելի լավ կլինի, եթե գամ Ախալքալաք, Թբիլիսիում հնարավորությունը մեծ է, բայց մարդիկ էլ՝ նույն մասնագիտության թեկնածուները շատ են, իսկ այստեղ քիչ են և ավելի հեշտ կլինի գործ գտնել, բարձունքների հասնել, քան այնտեղ մնալ։ Եթե նույնիսկ Թբիլիսիում աշխատանք գտնեմ, աշխատանքային փորձ ձեռք կբերեմ, բայց հետո միևնույն է կվերադառնամ», – պատմում է Արուսյակը։

Ճիշտ հակառակ կարծիքի Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Գոհար Գյուլմիսարյանը, ով պնդում է, որ մեծ քաղաքում հնարավորություններն ավելի շատ են:

«Մեծ քաղաքում ավելի մեծ հնարավորություններ կան, ու եթե մարդ ուզում է ինչ-որ բարձունքների հասնել, չեմ կարծում, որ Ախալքալաքը դրա հնարավորությունը կտա։ Դրա համար էլ այն մարդիկ, ովքեր ուզում են բարձունքներ նվաճել, նորանոր գիտելիքներ ստանալ ու որևէ բանի հասնել կյանքում, իրենց տեղը փոքր քաղաքում չէ: Ես ինքս չեմ ուզենա վերադառնալ։ Թիֆլիսը շատ եմ սիրում, շատ հագիստ քաղաք է, մեծ է, ու կարող է հնարավորություն տալ առաջ գնալ, բայց մի բան կա, որը միշտ ձգում է դեպի Ախալքալաք՝ մարդիկ այստեղ շատ հյուրասեր են ու ջերմ», – կիսվում է Գոհարը։

Թբիլիսիում սովորելը, ապրելը և աշխատելը բազմաթիվ դրական ու բացասական կողմեր ունի: Ավարտելով Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը Անդրանիկ Մինասյանը չի վերադարձել Ախալքալաք, որովհետև շարունակում է ուսումը մագիստրատուրայում և իր մասնագիտությամբ աշխատանք է գտել։ Նրա համար այնքան էլ էական չէ, Թբիլիսի, թե՞ Ախալքալաք: Նա առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ հնարավորինս օգտակար լինել մարդկանց, անկախ ապրելավայրից:

«Առաջին հերթին բացի այն՝ որ ուսումս Թբիլիսիում է, Ախալքալաք չգալուս պատճառը նաև այն է, քանի որ Թբիլիսիում իմ անհրաժեշտությունն ավելի շատ կա, քան՝ այստեղ։ Ավելի լավ եմ օգտագործում իմ ռեսուրսները, մարդկանց օգնելով և իրավաբանական խորհրդատվություններ մատուցելով։ Այնտեղ շատ տարբեր ազգեր կան, ովքեր լավ չեն տիրապետում վրացերենին ու իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար նրանց պետք է թեկուզ ռուսերեն իմացող փաստաբան։ Աշխատում եմ տարբեր ծրագրերի վրա և հետևում եմ առօրյա հարցերին Ջավախքի հետ կապված, բայց եթե անհրաժեշտություն լինի, իմ կարիքը ավելի շատ լինի Ախալքալաքում, ես առանց մեկ րոպե մտածելու կգամ և կաշխատեմ այստեղ»:

Ուսանողների մեծամասնությունը ուսումնառության տարիներին դժվարանում են հստակեցնել իրենց ցանկություններն ու ապագայի հետ կապված պլանները: Նրանք առաջնորդվում են իրավիճակից ելնելով:

«Ես ոչ մնալուն եմ կողմ, ոչ էլ վերադառնալուն, ինչպես որ ստացվի, երկու դեպքում էլ շատ լավ, ավարտելուց հետո եթե բարձր աշխատավարձ ունենամ կընախընտրեմ մնալ Թբիլիսիում, բայց առանց ընտանիքիս էլ չեմ ուզում ապրել», – ասում է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Վարսինե Կրճացյանը, ով ոչ մի առիթ բաց չի թողնում, և հենց որևէ տոն, կամ ազատ օր է լինում գալիս է Ախալքալաք։

Որոշ ուսանողներ մասնագիտություն ընտրում և ապագայի մասին ծրագրեր են կազմում ոչ միայն սեփական նախասիրություններից ելնելով, այլ մտահոգվելով իրենց քաղաքի կամ գյուղի ապագայով։

Սերգեյ Ալվերտյանը բժշկություն է սովորում Թբիլիսիի պետական համալսարանում, հիմնական ուղղությունը օրթոպեդիան է: Նրա կարիքով իր մասնագիտական ծառայությունների կարիքը կա Ախալքալաքում:

«Ես կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի գամ Ախալքալաք, որովհետև մեզ մոտ բժշկությունը թույլ է զարգացած ու շատ մասնաճյուղեր չկան, ինչպես նաև իմ մասնագիտությունը, որքանով տեղյակ եմ չկա, մարդկանց համար էլ դժվար է դուրս գալը ու եթե տեղում լինի այդ բաժինը և բարձր մակարդակի, մեր ժողովրդի համար էլ լավ կլինի», – ասում է Սերգեյը։

Չնայած վերադառնալու ցանկությանը, միևնույն է, նա դեռ հստակ ոչինչ ասել չի կարող:

«Տաս տարուց նոր կավարտեմ ու ինչ կլինի ոչիինչ ասել չեմ կարող»,- նշում է երկրորդ կուրսի ուսանող Սերգեյ Ալվերտյանը։

Թբիլիսի, թե՞ Ախալքալաք, ընտրությունը բարդ է։ Բայց Ջավախքի որոշ ուսանողների համար այլ երկընտրանք չկա: Կարևոր չէ, թե ուր, կարևորն այն է, որ Ախալքալաք չլինի:

Ուսանողը, ով նույնպես սովորում է Թբիլիսիի բուհերից մեկում, չցանկացավ ներկայանալ, բայց համոզված ասում է, որ չի վերադառնալու իր քաղաք։

«Չգիտեմ ինչպես կստացվի բայց Ախալքալաք չեմ գա։ Բակալավրն ավարտելուց հետո անպայման մագիստրոսի կոչում կստանամ ու ամենայն հավանականությամբ կգնամ արտասահման, միայն ոչ Ախալքալաք, այստեղ հեռանկար չկա»:

Ռիմա Մառանգոզյան