Անցյալ տարի այս օրերին հրաժարական տվեց Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը: Համայն հայությունն այդ իրադարձությունը տոնեց շամպայնով, որպես հաղթանակ և բարգավաճող կյանքի սկիզբ: Փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարել Հայաստանի նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում և ինչ արդյունքներ է տվել «Թավշյա հեղափոխությունը»:

10 տարվա նախագահական և մի քանի օրվա վարչապետական իշխանավարումից հետո, Սերժ Սարգսյանը՝ ժողովրդական ճնշման հետևանքով, 2018 թվականի ապրիլին ստիպված հրաժարական տվեց: Իշխանությունն ամբողջովին անցավ «հեղափոխականների» ձեռքը, որոնց առաջնորդը համարվում է նախկին ընդդիմադիր, իսկ ներկայումս ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը:

Բազմաթիվ փորձագետներ՝ մեկնաբանելով 1 տարվա վաղեմության դեպքերը, ասում են, որ Փաշինյանի համար ավելի հեշտ կլիներ, քան իր ժամանակին Սաակաշվիլու, քանի որ ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում, թեկուզև օլիգարխների մենաշնորհի պայմաններում, բավականին զարգացած էր տնտեսությունը, ցածր էր հանցավորության աստիճանը և մասնակիորեն բարելավված էր ենթակառուցվածքը, որը չկար Վրաստանում: Այնուամենայնիվ, երկու երկրներին միավորում էր մի շատ կարևոր խնդիր՝ կաշառակերությունը, և, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում չստացվեց պաշտոնյաների և ոստիկանության լիակատար մաքրագործումը, նույնիսկ նախորդ իշխանավորներին չվերաբերվեցին կտրուկ քայլերով: Ամեն ինչ կատարվեց հայկական ձևով՝ սահուն և դանդաղ:

Pashinyan

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ նորարարություններ են ձեռնարկվել Հայաստանում նոր իշխանությունների կողմից: Համաձայն կառավարության տվյալների, տարբեր ոլորտներում հաստատվել են հետևյալ փոփոխությունները:

Կրթություն

ՀՀ-ում ծրագրավորված է այս տարվա հունիսից բարձրացնել զինվորականների, իսկ սեպտեմբերից 38000 ուսուցիչների աշխատավարձը՝ 10 տոկոսով: Պետությունն աջակցում է ուսանողներին տրվող վարկերը, բարձր առաջադիմություն ունեցողներին վարկ է տրվում տարին 6, իսկ մնացածներին՝ 7 տոկոսով:

Պետության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմնանորոգում:

Ծրագրավորած է 377 դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ամրացման կամ շինարարական աշխատանքներ:

Կառուցվում է 6 դպրոց:

2019 թվականի կեսերից հիմնանորոգվելու է 7 ավագ դպրոց: Ընտրվել են դպրոցներ, որոնք գտնվում են ամենից անբարվոք վիճակում՝ որոնցից 3-ը Երևանում, ևս 4-ը մարզերում:

Մայիսի 1-ից Արագածոտնի մարզի Գեղադիր և Կոտայքի մարզի Արտավազ գյուղերում կբացվեն երկհարկանի նոր մանկապարտեզներ, որտեղ երեխաները կհաճախեն անվճար:

 

Ենթակառուցվածք

Հայաստանի տարբեր մարզերում 192 նախագծերի իրականացման համար հատկացվել է 3 657 994 000 դրամ, որոնք կուղղորդվեն ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ոռոգմանը, կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը և գյուղտեխնիկայի ձեռքբերմանը:

Սահմանամերձ 16 բնակավայրերի բնակիչներին կփոխհատուցվի գույքահարկը և հողի հարկը, և մասնակիորեն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձը: Դրա համար կառավարությունը առանձնացրել է 928 871 000 դրամ:

2019 թվականին պետք է իրականացվեն 303 կմ երկարության ճանապարհների տարատեսակ վերականգնողական աշխատանքներ: Մոտ 605 000 000 դրամ տրամադրվել է համայնքային ճանապարհների ասֆալտապատման և վերականգման համար: 51 ծրագիր, որոնց մի մասն ավարտված է, հաջորդ փուլը կթարմացվի գարնանը:

 

Գյուղատնտեսություն

Պետական օգնություն է ցուցաբերվել ոռոգման գարնանային սեզոնին պատրաստվելու համար: Մարտի առաջին տասնօրյակի վերջում տնտեսություններն արդեն ապահովված էին ջրամատակարարմամբ:

Գյուղերում պետությունը ստեղծել է պետական օգնության ծրագիր, փոքր և միջին այսպես կոչված «խելացի» անասնապահական ֆերմաների կառուցման և վերակառուցման համար: Պետությունը վերադարձնում է ֆերմաների շինարարության վրա ծախսած գումարի 50, իսկ սահմանամերձ շրջաններում՝ 70 տոկոսը:

Կա և գյուղատնտեսական այլ ծրագիր, որն իր մեջ ներառում է փոխհատուցման վարկային ծրագիր, ում միջոցով գյուղացիները կարող են վարկ վերցնել և կառուցել գոմեր: Պետությունը կանխիկ վերադարձնում է ֆերմերին գումարի 50%-ը, իսկ սահմանամերձ գյուղերում՝ 70%-ը: Փոխհատուցման ամենամեծ գումարը կազմում է 35 000 000 դրամ:

Ապահովագրում իրականացվում է 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր: Ծիրանի և խաղողի այգիները ապահովագրվելու են կարկուտից, ցրտահարումից և հրդեհներից: Եթե ֆերմերը ապահովագրվի, ապա պետությունը կփոխհատուցի ծախսերի 50 տոկոսը:

2019-2024թթ. համար անասնապահության զարգացման վարկային ծրագիրը կվարկավորի 2 տոկոսով: Աջակցված վարկային ծրագիր:

Գնորդ ընկերություններին պետությունը տրամադրում է 3%-ով վարկ, իսկ սահմանամերձ գոտում՝ 0%-ով:

Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագիրը վարկավորվում է 2%-ով, սահմանամերձ գոտում՝ անտոկոս: Գյուղատնտեսական կոոպերատիվները վակավորվում են 3-5%-ով, սահմանամերձ շրջաններում՝ անտոկոս:

 

Առողջապահություն

Չարորակ ուռուցքների վիրահատությունն այս տարվանից անվճար է: 1 000 000 դրամ արժեցող ճառագայթային բուժումը 200 հոգու համար անվճար է:

15 անվանման մանկական հակավիրուսային դեղորայքները անչափահասներին տրվել են անվճար, փակելով ամբողջ երկրի պահանջարկը:

2019 թ.-ի հունվարի մեկից, անպտուղ զույգերը կկարողանան հետազոտվել և բուժվել անվճար:

Մարտունիում և Եղեգնաձորում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ:

Տարածաշրջանի բոլոր երկրներից առաջինը Հայաստանում՝ պետպատվերի շրջանակներում, ուղղաթիռով առողջապահական ծառայություններ կմատուցվեն:

Հունվարի մեկից սկսած, 15-20 տոկոսով կաճեն ամբուլատոր պոլիկլինիկաների 10 000 բուժաշխատողների աշխատավարձերը:

 

protest

 

Բանակ

Զինծառայողները կարող են բարձր տոկոսով վերցրած իրենց վարկերը վերաձևակերպել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի, նաև երկարաժամկետ տոկոսադրուձքների՝ նման կամքի դեպքում:

Պետության որոշմամբ ՀՀ ԶՈՒ մատակարարումը պետք է կատարեն մասնավոր կազմակերպությունները՝ ըստ փորձնական (պիլոտային) ծրագրի:

2019-ի ապրիլի 1-ից Զինվորների ապահովագրման հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում 2008-2014-ին զոհված զինծառայողների ընտանիքներին, հայրենիքի համար զոհվածներին կամ հաշմանդամություն ստացածներին, տեղահանվածներին, ինչպես նաև 2015-2016 թ.թ. պատերազմային գործողությունների ժամանակ զոհվածների կամ տուժածների ընտանիքներին:

Հայաստանի Զինված Ուժերի ժամկետային ծառայողներին թույլատրվում է ունենալ անձնական բջջային հեռախոս:

 

Մարդու իրավունքներ

Հայաստանն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կցուցաբերի ընտանեկան բռնության ենթարկված անձանց: Այն կկազմի 15 000 դրամ:

 

Սոցիալական ծրագրեր

 

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը տարիքային սահմանափակման չափ է սահմանում 35 տարին ամուսիններից յուաքանչյուրի համար, տոկոսադրույքը 9,5-ից կդառնա 7,5%, մարման ժամկետը 30 տարի: Կանխավճարը կկազմի բնակարանի գնի 7,5%-ը: Ձեռք բերվող բնակարանի գինը կկազմի 30 մլն ԱՄՆ դոլար:

Անտուն մարդը կամ ընտանիքը կապահովվի ժամանակավոր կացարանով, եթե աշխատանքի վետերան է, կամ ունի 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ և չունի օրենքով նախատեսված խնամակալ, ինչպես նաև տարեց մարդիկ, ում երեխան ունի ֆիզիկական սահմանափակումներ, ընտանեկան զույգը որտեղ երկուսն էլ ունեն ֆիզիկական սահմանափակումներ:

 

Հարկային փոփոխություններ

Նոր հարկային օրենսգրքով գրանցված կամ հաշվառման մեջ գտնվող ծանրաքաշ ավտոմեքենաներն ազատվում են ճանապարհային հարկից:

Միկրոկազմակերպությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 24 000 000 դրամը ազատվում են շահութահարկից: Այս ծրագիրը կիրականացվի 2020 թվականից:

Հարկային օրենսգրքի փոփոխության շրջանակներում եկամտահարկը 20-ից կնվազի 18 տոկոսի:

Նոր Հարկային օրենսգրքով՝ ֆիզիկական անձանց միջև կատարված անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքը չի հարկվում (եկամտահարկ), իսկ մասնավոր տաքսու վարորդներին առաջարկում է ազատել հարկավճարից:

 

Նոր կառույցներ և կառուցվածքային փոփոխություններ

Արտասահմանյան ներդրողների համար, կառավարության որոշմամբ, ստեղծվել է «Պետական շահերի հայկական հիմնադրամ» ՓԲԸ-ն: Այս ՓԲԸ-ն կաջակցի ներդրումները, որոնք գերազանցում են 10 000 000 ԱՄՆ դոլարը:

Վարչապետին սպասարկող ավտոմեքենաների քանակը 50-ից կտրուկ նվազել է 7-ի:

Առաջին եռամսյակում, Պետական եկամուտների կոմիտեն հավաքել է նախատեսվածից 11,4 մլն դրամ գումար:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծվել է խորհուրդ, որը կուսումնասիրի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Հայաստանում, որի նպատակն է համակարգել Հայաստանում այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

 

Էներգետիկան

Երևանի նոր ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ ուղղակի համաձայնագիր է ստորագրվել: 250 մլն դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագիրը կկատարվի 26 ամսվա ընթացքում: Նոր ՋԷԿ-ի կառուցման մեջ ներգրավվելու է 1000-1200 մարդ, եւ շահագործման ընթացքում կստեղծվի 230 աշխատատեղ:

Պայմանավորվածություններ եւ նախաձեռնություններ

ԱԻՆ-ի ավտոպարկը համալրվել է արագ արձագանքման 10 նոր ավտոմեքենայով: Այս տարի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգով իրականացվող ծրագրի շրջանակներում, Հայաստանի Լոռի,
Շիրակ և Սյունիք մարզերը կստանան 36 հրշեջ մեքենա, 3 էսկալատոր և 1 արհեստանոց:

Պետությունը «ԱրՄաթ» լաբորատորիաներին հատկացրել է 352 226 000 դրամ` կանոնավոր գործունեության ապահովման եւ խմբերի քանակի ավելացման համար:

Երեւանում և բոլոր մարզերում «Քաղաքացու օրվա» առթիվ լայնածավալ միջոցառումների անցկացման համար հատկացվել է 124 միլիոն դրամ եւ այլն:

Եվ չնայած այս բազմաթիվ օրենքները դժվարությամբ են կյանքի կոչվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս բարձր հեղինակություն է վայելում ժողովրդի մոտ, որը հավատում է Հայաստանի պայծառ ապագային:

Քրիստինե Մարաբյան