Հայոց Մեծ Եղեռնից փրկված, ծնունդով Էրզրումից 101-ամյա Արտյոմ (Հարություն) Մեսումյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ներկաներին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել Հայոց ցեղասպանությունից, ինչպես են կարողացել Էրզրումից հասնել Արևելյան Հայաստան, այնուհետև տեղափոխվել Վրաստան:

Արտյոմ Մեսումյանը մեկ տարեկան երեխա է եղել, երբ թուրքական յաթաղանի զոհ դարձած հայրը հասցրել է երեխային թաքցնել խոտերի մեջ ու փրկել նրան մահից: Երեխային հետո գտնում է նրա հորեղբոր տղան և հանձնում երեխայի մորը: Այժմ Արտյոմ Մեսումյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բնակվում է Կրասնոդար քաղաքում:

Թբիլիսյան հայերի վեհաժողովի նախագահ Դավիթ Մանուսաջյանի համառոտ ներածականից հետո, Արտյոմ Մեսումյանը, պատմել է իր ծնողների տեղահանության, հոր սպանության, քույրերին ու կորցրած հարազատներին գտնելու մասին պատմությունը, որ նա լսել էր մորից ու հարազատներից: Իր խոնարհումը բերելով մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, նա պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հալեպում ապրած տարիներին, Ռուսաստանում հաստատվելուն և իր ապրած կյանքին:

Հանդիպմանը տեղի է ունեցել նաև Ալեքսանդր Քալանթարովի «Հայոց Եղեռն» գրքի շնորհանդեսը: Հեղինակը 1966 թվականին գործուղվել է Սիրիա և երեք տարվա ընթացքում այցելել բոլոր այն վայրերը, որտեղ քշել էին Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերին: Տեսնելով Դեր-Զորի անապատի դաժան ճանապարհը, մահի ու կոտորածի հետքերը, Ալեքսանդր Քալանթարովը 1985 թվականին ձեռնամուխ է լինում Հայոց Ցեղասպանության մասին պատմականորեն հիմնավորված մատչելի գրքույկ ռուսալեզու հանրությանը ներկայացնելու գործին: Գրքույկը հրատարակվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:

Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը