Ախալքալաքի Սակրեբուլոյի բյուջետա-ֆինանսական կոմիտեն 2019 թ. բյուջեում հաստատել է հերթական փոփոխության փաթեթը: Մունիցիպալիտետի բյուջեում փոփոխության հաստատումից հետո մնացորդը կազմում է 18 214 լարի:

Մինչ փոփոխություններն Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում կար 245 450 լարի մնացորդ:

Փոփոխությունների փաթեթը նախատեսում է Վաչիանի պետական նշանակության մայրուղուց մինչ Հոկամ գյուղ ճանապարհի բարեկարգման նախագծի համար ծախսերի համաֆինանսավորման մասնաբաժինը: Նախագծի արժեքը 1 892 320 լարի է, որից 1 780 000 լարին ֆինանսավորվում է Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 112 320 լարին տեղական բյուջեից:

Փաթեթը նախատեսում է նաեւ հաստատել 25 617 լարի գումար՝ երկու ամիս աշակերտների տրանսպորտափոխադրման համար:

Ավելի վաղ, տեղական բյուջեից դպրոցների վերանորոգման ծրագրերի նախագծման համար հատկացված 41 100 լարին վերադարձվում է տեղական բյուջե, քանի որ այդ ծախսերը հատկացվելու են Ախալքալաքի դպրոցների ենթակառուցվածքների զարգացման վերանորոգման համար պետության կողմից տրամադրած 1,370,000 լարի ընդհանուր գումարից:

Քաղաքապետարանը դիմել է Սակրեբուլոյին, որպեսզի պատգամավորները հաստատեն ֆոտոխցիկ գնելու համար 730 լարի գումարը, 7000 լարի՝ սպորտային միջոցառումների համար մեդալներ եւ մրցանակներ գնելու համար, 15 000 լարի՝ երիտասարդական ճամբարի համար: Նախագծի համաձայն, ճամբարը կազմակերպվելու է ամռանը, Արագվա գյուղում՝ դահուկային մրցավազքի կենտրոնում: Այս կենտրոնում հանգստանալու են Վրաստանի այլ մարզերի երիտասարդները:

Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների կողմից լրացուցիչ պահանջվել է 110 000 լարի: Դրանցից 40 000-ը հատկացվել է վիրահատությունների եւ բուժման ֆինանսավորման համար, 50 000 լարին՝ բազմազավակ ընտանիքների, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, որբ երեխաների, աքսորվածների, թոշակառուների եւ միայնակների օգնության համար, ինչպես նաեւ նորածինների համար` 20 000 լարի:

Զինվորական հաշվառման ծառայությանը տրամադրվում է 400 լարի՝ ավտոմեքենայի վերանորոգման համար:

Ըստ բյուջետա-ֆինանսական կոմիտեի նախագահ Սեդա Մելքումյանի, այս անգամ ներկայացված բոլոր փոփոխություններն անհրաժեշտ էին:

«Քննարկման ժամանակ ներկա էին հանձնաժողովի 7 անդամներ, եւ ներկայացված փոփոխությունների փաթեթը ընդունվեց միաձայն: Առաջացած հարցերին մենք ստացանք համապարփակ պատասխաններ, եւ փաթեթը հաստատման համար կներկայացնենք Սակրեբուլոյին », – ասաց Սեդա Մելքումյանը:

Բյուրոն լսեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի բացատրությունները եւ փոփոխություններն ուղարկվեց հաստատման Շրջանային ժողովին, որը կկայանա ապրիլի 30-ին:

Շուշան Շիրինյան