Ազավրեթ գյուղի հանրային դպրոցում ուսումնական պրոցեսը վերսկսվել է: Դասերն անցկացվում են երեք վայրերում, երկու հերթափոխով՝ դպրոցի շենքում, գյուղի ակումբում և խանութում:

Դասերը վերսկսվել են երեկվանից: Երեկ դասերը մասամբ են անցկացվել, իսկ այսօր ուսումնական պրոցեսն ամբողջովին վերականգնվել է:

Ուսումնական պրոցեսի համար մունիցիպալիտետը գյուղական ակումբը հատկացրել է մինչև ուսումնական տարվա ավարտը: Նաև դիտարկվում է խանութի տարածքի վարձակալության տարբերակը:

«Դասերն առ այժմ կանցկացվեն ակումբում և դպրոցի անվտանգ դասասենյակներում: Եթե ստացվի սենյակների վարձակալելու տարբերակը, կարծում եմ, դա այնքան էլ թանկ չի լինի, մենք ինչ-որ բան կանենք: Մինչև արձակուրդները թող այսպես լինի, մինչդեռ երևի կորոշվի դպրոցի հարցը, թե ինչ ենք անելու՝ վերանորոգելու ենք թե նոր շենք ենք կառուցելու, թերևս, հնարավոր է մինչ նոր շենք կառուցելը երեխաները հաճախեն հարևան գյուղի դպրոց: Մենք դեռևս դիտարկում ենք հնարավոր տարբերակները», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

180 աշակերտներ բաշխվել են 3 տարբեր հիմնարկություններում, աշակերտների մի մասը դասերն անց են կացնում դպրոցի շենքում, մյուս մասը՝ գյուղի ակումբում և խանութի տարածքում: