«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում, 2019 թ. Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 60-րդ տեղը: 2019 թ.-ի զեկույցում Վրաստանին շնորհել են 28,98 միավոր:

Ինչպես նշված է ուսումնասիրությունում, Վրաստանը նախորդ տարվա համեմատ մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:

Զեկույցում նշվում է, որ Վրաստանում մեդիա-միջավայրը բազմակարծ (պլյուրալիստիկ) է, բայց կրկին շատ քաղաքականացված: Զեկույցի հեղինակների կարծիքով, անցյալ տարի իրականացված բարեփոխումները՝ ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկության և արբանյակային հեռուստատեսությունների բազմակարծության առումով, իրավիճակը բարելավել են, սակայն ԶԼՄ-ների սեփականատերերը հաճախ միջամտում են խմբագրական քաղաքականությանը:

«Միևնույն ժամանակ «Ռուսթավի 2»-ի շուրջ դատավեճի արդյունքը մեծ ազդեցություն կունենա: Լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը կրճատվել է, սակայն հաղորդվում է սպառնալիքների մասին: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման հետաքննությունը դեռևս համոզիչ արդյունքներ չի տալիս», – ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Ամենամյա վարկանիշի առաջատարներն են՝ Նորվեգիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան: Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիտրեան գրանցել են վատագույն արդյունքները: