Էջմիածնում տեղի ունեցած հայ-վրացական 5-րդ մանկապատանեկան ստեղծագործական փառատոնին Ախալքալաքից մասնակցեցին «Մուրջի» և «Ջավախք» համույթները:

Վրաց և հայ ժողովուրդների բարեկամության փառատոնը տեղի ունեցավ 5-րդ անգամ, ապրիլի 13-14-ը, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում: Ախալքալաքի համույթների մասնակցությունը ֆինանսավորվել է մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից:

«Ջավախք» անսամբլը հանդես է եկել 12-16 տարեկան 28 պարողներով:

«Էջմիածնում Կոմիտասի անվան Մշակույթի տունը վերանորոգված էր, ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր: Փառատոնը շատ լավ էր կազմակերպված», – ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը:

Այս տարի հայկական պարային համույթների հետ միասին հրավիրվել և ելույթ է ունեցել Ախալքալաքի «Մուրջի» վրացական պարերի համույթը:

«Այս փառատոնին մեզ հրավիրել էին առաջին անգամ: Մեր համույթը 9 տարեկան է, բայց առաջին անգամ մեզ ուղարկեցին այս փառատոնին: Նախկինում Ախալքալաքից գրեթե միշտ մասնակցում էին հայկական ժողովրդական պարերի համույթները: Թիֆլիսից կային նաև պարային խմբեր:Մենք զարմացած էինք և շատ շնորհակալ ենք: Մեզ ընդունեցին շատ լավ և շատ ուշադիր էին», – ասում է «Մուրջի» պարային համույթի ղեկավար Գիորգի Մետրևելին:

Ախալքալաքի համույթները փառատոնից վերադարձան մեդալներով, պատվոգրերով և գավաթներով: