«Անհրաժեշտ է օգտագործել այնպիսի կանոնակարգեր, որոնք հնարավորինս կսահմանափակեն անչափահասների ներգրավվածությունն ազարտային խաղերում», – այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն` վկայակոչելով անչափահասների ազարտային խաղերում մասնակցության հնարավոր արգելքը:

Նրա խոսքով, այս հարցը արդիական է եւ, բացի այդ, նախատեսվում է սահմանափակել ազարտային խաղերի գովազդումը, պատրաստվելու է օրինագիծ, որը նախատեսելու է նոր տարիքային սահմանափակումներ:

«Երկու շաբաթ առաջ մենք հաստատեցինք, որ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ, այդ թվում, գովազդի առումով: Մոտ ապագայում ազարտային խաղերի գովազդի կապակցությամբ կներկայացվի օրինագիծ, սակայն, բացի գովազդից, անհրաժեշտ է կիրառել այնպիսի կանոնակարգեր, որոնք թույլ կտան հնարավորինս սահմանափակել անչափահասների ներգրավումը ազարտային խաղերում: Խոսքը վերաբերում է նաեւ տարիքային շեմը փոխելու մասին: Խորհրդարանը կաշխատի այս ամենի շուրջ, եւ օրինագիծը կմշակվի հնարավորինս կարճ ժամկետներում», – հայտարարել է Կոբախիձեն:

Համաձայն ՀԿ «Ազարտային խաղերի ուսումնասիրման եւ Լուդոմանիայի կանխարգելման կենտրոնի» ուսումնասիրության, դպրոցականների 48%-ը հրապուրված է մոլախաղերով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել էր կազմակերպության հիմնադիր Գուգա Բեսելիան, ուսումնասիրությունն անցկացվել է Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող 10 դպրոցներում: