Ներմունիցիպալ ճանապարհների ենթակառուցվածքային զարգացման շրջանակներում շարունակվում է «Կոթելիա- Ղադո» ճանապարհահատվածի ասֆալտապատումը:

Այս հատվածը 6300 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ է: Ճանապարհի երկու կողմերին կառուցվելու է 1 մետրանոց ճամփեզր:

Այս հատվածի վերականգնման շրջանակներում ավարտվել է Ղադո գյուղի մոտ գտնվող կամրջի վերանորոգումը, ավարտվում է կեղտաջրերի 14 խողովակների տեղադրման աշխատանքները (1 մ տրամագծով): Արդեն ասֆալտապատված է 3-4 կմ ճանապարհ:

«Ինչ-որ հատվածում լցվում է ասֆալտի երկրորդ շերտը, մեկ այլ հատվածում ասֆալտապատման հիմք են պատրաստում, աշխատանքն ընթացքի մեջ է: Հիմա անհնար է գիշերն աշխատել, իսկ օրվա ընթացքում շարժը շատ է, դա խանգարում է աշխատանքին: Աշխատանքները ընթանում են նորմալ, փոքր խախտումներ եղել են, բայց դրանք վերացվել են », – ասում է Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տեխնիկական վերահսկողության աշխատակից Իոսիֆ Օբոլաշվիլին:

Ճանապարհահատվածի վերականգնումն իրականացնող ՍՊԸ-ը «Շինարարական ճանապարհների դեպարտամենտ №1» ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեի խոսքով, հողային աշխատանքներն արդեն ավարտված են, խողովակներն անցկացված, հիմքն արդեն պատրաստ է, իսկ որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Նրա խոսքերով, ընկերությունն առաջ է աշխատանքային ժամանակացույցից:

Շինարարությունում աշխատում են նաև տեղի բնակիչները: Ճանապարհի վերականգնումը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ախալքալաք-Բակուրիանի միջազգային ավտոճանապարհի «Կոթելիա- Ղադո» հատվածի ասֆալտապատման տենդերը հայտարարվել էր անցյալ տարի, 2018 թվականի օգոստոսի 22-ին, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կողմից: Տենդերը շահել էր ՍՊԸ-ը «Շինարարական ճանապարհների դեպարտամենտ №1» ընկերությունը 3,080,204 լարիով:

Աշխատանքները սկսվել էին անցյալ տարվա նոյեմբերի 15-ին, շարունակվում են այս պահին եւ կավարտվեն մինչեւ 2019 թ. հուլիսի վերջը: Պայմանագրի համաձայն աշխատանքների կատարման ժամանակահատվածը 12 ամիս է:

Շուշան Շիրինյան