Այսօր, ապրիլի 15-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Վերջինս անդրադարձավ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում կատարված և կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներին, այն որակելով որպես թիմային աշխատանքի արդյունք:

Պատգամավորն անդրադառնալով Նինոծմինդայից Հայաստանի սահման տանող ճանապարհին, մանրակրկիտ ներկայացրեց տվյալ ճանապարհի վերանորոգման աշխատնաքները: Ճանապարհը կնորոգվի երկու առանձին նախագծերով՝ Նինոծմինդա-Օրլովկա և Օրլովկա-սահման:

«Մեր բնակչությանն ուզում եմ զեկուցել, որ այս վերջին երկու ամիսներին, երբ մենք գյուղերով էինք շրջում, ուրեմն ժողովրդի հիմնական խնդիրներից մեկը Հայաստանից մինչև Նինոծմինդա ճանապարհի վիճակն էր՝ 21 կմ հատվածը: Ժողովուրդը շատ ճիշտ է, որովհետև ժողովուրդը գրում էր, որ սա Սիրիայի ճանապարհն է, սա 43 թիվն է: Ես այս հարցով վերջին 20 օրվա մեջ 2 անգամ հանդիպել եմ վարչապետի հետ, նույնիսկ ցույց եմ տվել կադրերը: Երբ նա բոլորը տեսավ, նույնիսկ զարմացավ, որ Վրաստանում այսպիսի ճանապարհ կա: Այդ օրը զանգահարեց և մենք արդեն երեկոյան հանդիպեցինք Ենթակառուցվածքների նախարարի հետ: Նա իր հերթին կանչեց տեղակալներին և ասաց, որ վարչապետի հրամանն է: Հիմնական խնդիրը գիտեք ինչու՞մն էր, իրենք գիտեին 17 կմ հատվածով ճանապարհի հարցը փակվում էր, բայց ես ասացի նաև Օրլովկա գյուղից այն կողմ ճանապարհի մասին և նրանք արագ չափումներ կատարեցին և հիմա 7 կմ նախագծման աշխատանքեր են ընթանում: Խոստացան, որ մինչև մայիսի 10-ը կվերջացնեն ու կդնեն արագացված տենդերի», – տեղեկացրեց Հենզել Մկոյանը:

Նա նաև ներկայացրեց 2019 թվականին Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններում ասֆալտապատվող ճանապարհների մասին:

Կասֆալտապատվի՝ Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի ճանապարհը, ավարտին կհասցվի Հեշտիա և Մամզարա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որոնք նախորդ տարվանից էին սկսվել: Նինոծմինդա քաղաքում կիրականացվի մի քանի փողոցների ասֆալտապատման աշխատանքեր, որի բյուջեն կազմում է 315,000 լարի:

Ախալքալաքի շրջանում կասֆալտապատվի Բավրա-Կարտիկամ, Վաչիան-Հոկամ, Արագվա-Գոման-Զակ, Կաջո-Ալաթուման, Խանդո գյուղերի ճանապարհները: Իսկ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել Ախալցիխե-Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը:

Jnews-ի հարցին, թե ինչու թվարկված գյուղերի ցանկում չկա Խուլգումո և Կուլիկամ գյուղ տանող ճանապարհի ասֆատապատման ծարագիր: Խուլգումո և Կուլիկամ գյուղերի բնակիչների շրջանում կարծիք կա, որ դա կապված է, այն բանի հետ, որ ընտրություններին այս գյուղերի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է ընդդիմության օգտին: Պատգամավոր Հենզել Մկոյանը վստահեցրեց, որ բնակիչների մոտ թյուր կարծիք է ձևավորվել և գումար լինելու դեպքում առաջինն այդ գյուղերը կասֆալտապատեն:

«Ժողովուրդը կարող է այդպես է մտածում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Երևի գտել ենք, որ Խուլգումոյից ուղիղ ճանապարհ կա դեպի քաղաք, նրանք կամրջով միանգամից քաղաք են մտնում: Բայց անպայման առաջիկայում խոսք ենք տալիս, որ առաջին գումարը երբ եղավ, իսկապես քաղաքին մոտ գյուղեր են, այդ ճանապարհները կասֆալտապատենք: Եվ ուզում եմ խուլգումեցիներին և կուլիկամցիներին ասել, որ մենք իրենց շատ ենք սիրում ու երբեք այդպիսի բան մեր մտքից չի անցել»,- պատասխանեց Հենզել Մկոյանը:

Վերջում եզրափակելով խորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այս երկու շրջաններում մեկ տարվա ընթացքում այսքան ճանապարհաշինություն է իրականցվում իրենց թիմային աշխատանքի շնորհիվ:

«Այս տարի 100 կմ-ից ավելի ճանապարհ ենք կառուցելու, ո՞ր թվականին է այդքան ճանապարհ կառուցվել, նայեք՝ 2017-ին, 2016-ին, թե՞ 2015-ին: Այսինքն՝ մենք միշտ առաջ ենք գնում: Ուզում եմ նշել, որ սա մեր թիմային աշխատանքի արդյունքն է»,- եզրափակեց Հենզել Մկոյանը:

Աղունիկ Այվազյան