Այսօր, ապրիլի 15-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Վերջինս շուրջ 45 րոպե պատասխանում էր տեղի լրագրողների հարցերին, այդ թվում երկքաղաքացիության մասին Jnews-ի հարցին:

– նախագահական ընտրություններից առաջ, քարոզարշավի ժամանակ դուք հայտարարում էիք, որ մոտավոր 1600 քաղաքացի զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, և հենց Սալոմե Զուրաբիշվիլին դառնա նախագահ, ինքն այդ խնդրին լուծում կտա: Նախագահի երեկվա ելույթից ելնելով, ստացվում է լուծումը՝ վրացերենի ուսուցո՞ւմն է:

«Մենք գնում ենք դեպի Եվրոպա, Եվրամիություն, ամբողջ Եվրոպայում, դուք լավ գիտեք, եթե մեկն ուզում է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, կամ Գերմանիայի, կամ Իտալիայի, նա պետք է իմանա պետական լեզուն: Եվրոպան այսօր մեզ ասում է, քանի որ ունենք առանց վիզայի ռեժիմը, եթե դուք ուզում եք Եվրոպա, ինչի այն մարդիկ, ովքեր անձնագիր են ստանում, պետական լեզուն չգիտեն: Հիմա մեր միակ խնդրանքն այն է եղել, որ բարձր տարիքի, 40 տարեկանից մեծ մարդկանց աշնանը թույլ տան հեշտացված ձևով այդ քննությանը մասնակցեն և անձնագրեր ստանան, ինչը խոսք են տվել: Կարող եմ ասել, որ 1600 թիվը, մի քիչ էլ շատացել է», – պատասխանեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Նշենք, որ երեկ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի նախագահի պաշտոնում առաջին այցն էր Ախալքալաք: Ելույթ ունենալով Ախալքալաքի Մշակույթի տանը, նա շոշափեց նաև երկքաղաքացիության հարցը: Զուրաբիշվիլին, մասնավորապես ասաց՝ նրանք, ովքեր ցանկանում են քաղաքացիություն ստանալ, պետք է վրացերենի իմացության քննություն հանձնեն:

Աղունիկ Այվազյան