Ախալքալաք-Բակուրիանի ավտոճանապարհից դեպի Խանդո գյուղ տանող ճանապարհահատվածը ասֆալտապատվում է: Բնակիչները դժգոհ են կատարված աշխատանքների որակից:
Վերսկսվել է Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերն իրար կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Վերանորոգման համար տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Աշխատանքները իրականացվում են «Արալի» ընկերության կողմից:
Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, իսկ աշխատանքների համար հատկացված գումարը` 2 654 956 լարի:
Վերանորոգման աշխատանքները տարվում են, սակայն գյուղացիները դժգոհում են վատ որակից, ասելով, որ ասֆալտը նման պայմաններում շուտով կփչանա:
«Մինչև ձեր գալը, աշխատանքները կատարվում էին ոչ այնպես, ինչպես հարկն էր, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է կատարվում»,- ասում է Աշոտ Սահարյանը:
Բնակիչները բողոքում են, որ մանրախիճը լցրել են բարակ շերտով և լավ չեն տոփանել:
«Դա չի համապատասխանում չափանիշներին, մանրախիճը պետք է լինի 12 սմ», – ասում է Վաղարշակ Դուրգարյանը:
Գյուղացիների խոսքով, պետք է փորձագետ գա ասֆալտի որակն ստուգելու համար, և եթե այս փուլում կատարված աշխատանքների որակը չհամապատասխանի չափանիշներին, ապա աշխատանքը կդադարեցվի:
«Սկզբում աշխատանքներն անորակ էին արվում, այդ իսկ պատճառով մենք գյուղացիների հետ միասին համաձայնության եկանք աշխատողների հետ և նրանք արդեն սկսեցին ուղղել իրենց սխալները», – ասում է Արմենը:
«Արալի» ընկերության աշխատակիցներն ասում են, որ նրանք աշխատում են ըստ այն նախահաշիվների, որոնք տրամադրվել է իրենց:
Վերանորոգման աշխատանքները վերջանականապես պետք է ավարտվեն մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ը:
Բրատիսլավ Իգիթխանյան