Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում գյուղացիները չեն կարող գրանցել իրենց հողերը, քանի որ գոյություն ունեցող չափագծումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ հողի հանձնման-ընդունման անձնագրեր նրանք չունեն:
Բեժանո գյուղում բնակիչները չունեն հողատարածքների հանձնման-ընդունման ակտեր, որոնք տրվել էին 1992 թ.-ին գյուղատնտեսական հողերի բաշխման ժամանակ: Դրանց փոխարեն նրանք ունեն GPS չափագծումները, որոնք 2002 թ. կազմել է Թբիլիսիից չափագծման ինչ որ կազմակերպություն:
Գրիգորյան Երջանիկը տարբեր վայրերում ունի 7 հողամաս: Նրա խոսքերով, նա բոլոր փաստաթղթերը տրամադրել է գրանցման համար, սակայն գրանցել են 3 հողամասը, իսկ 4-ը՝ ոչ:
«Ասում են՝ սպասեք, ընթացքի մեջ է, պատճառը չեն ասում: Արդեն մի տարի է նույնն են ասում: 7 հողատարածքները միասին կազմում են 1 հա 10 հար, դրանցից 35 հարը ռեեստրը գրանցել է, մնացածը՝ ոչ», – ասում է Երջանիկ Գրիգորյանը:
Սերոբ Մելքոնյանը գրանցել է 3 հողամաս, մնացել է միայն տունը եւ 1 հողատարածք:
Հարկ է նշել, որ բնակիչներին հասանելի 1 հա 25 հար հողատարածքները տրվել են մի քանի հողամասերով, որոնք գտնվում են գյուղի տարբեր վայրերում:
«Ես 60 հար հող ունեմ, եւ չեմ կարողանում գրանցել: Գրանցման համար դիմել էի Բարալեթի Հասարակական տուն, անցել է 6 ամիս, նրանք ասում են սպասեք ընթացքի մեջ է: Ես վերցրեցի տարա Ախալքալաք: Այնտեղ էլ նորից ասում ընթացքի մեջ է, սպասեք: Արդեն երկու տարի է սպասում ենք: Ասում են, որ տան հատակագիծը չի համապատասխանում արխիվային տվյալներին », – ասում է Բեժանոյի բնակիչ Սերոբ Մելքոնյանը:
Գույքի եւ պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արեւյանն ասում է, որ Բեժանո գյուղում, իրոք, չափագծումները չեն համապատասխանում իրականությանը, բայց դա չպետք է դառնար գրանցման գործընթացի այդքան երկար ձգձգման պատճառ:
“GPS չափագծերում կոորդինատները խառնված են: Չափագիծը 3 մ-ով տեղաշարժ ունի եւ ռեեստրով նայելու դեպքում ավտոմատ կերպով 2-3 հար հողատարածքները մեկը մեկի վրա է գալիս: Սարքավորումները ճշգրիտ չեն եղել: Պետք է նոր չափագրումներ անել: Հնարավոր չէ, որ գրանցման գործընթացը երկու տարի շարունակվի: Հավանաբար, նրանցից պահանջվել են ինչ-որ փաստաթղթեր, չեն ներկայացրել դրանք, եւ նրանք չեղարկել են գործընթացը: Գուցե գյուղացիներն իրենք էլ չգիտեն այդ մասին: Եթե փաստաթղթերը կարգին լինեին, կուղարկեին մեզ մոտ, եւ մենք գյուղապետի հետ խնդիրը կլուծեինք », – ասում է Ավագ Արեւյանը:
Գյուղացիների 70-80% -ը չեն գրանցել իրենց հողերը, իսկ նրանցից ոմանք՝ տներն էլ: Բեժանո գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1830 մ բարձրության վրա: Կլիման այնտեղ խիստ է: Բնակիչները քիչ-քիչ զբաղվում են և գյուղատնտեսությամբ, եւ անասնապահությամբ, քանի որ նրանք քիչ հողամաս եւ արոտավայր ունեն:
Շուշան Շիրինյան