Այսօր առավոտյան Դիղոմիի մասիվի 4-րդ միկրոշրջանի №5 բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը երրորդ հարկում գտնվող բնակարանում գազի արտահոսքն է եղել, որը վարձակալվում էր: 8 տուժածները հետազոտվում են:

Միջադեպի հետևանքով տան պատը փլվել է, տասնյակ բնակարանների պատուհաններ են վնասվել, շինանյութերի բեկորները ցրվել են տասնյակ մետրի վրա: Շենքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով և այն շքամուտքի բոլոր բնակիչներով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մոտ 15 ընտանիք տարհանվել է: Նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակարանները միայն շենքի տեխնիկական փորձաքննությունից հետո:

«Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 8 մարդ: Բարեբախտաբար, նրանց վիճակը միջին բարդության է: Շնչառական ուղիների այրվածք ստացած երկու տուժածներին պետք է առավել ուշադրություն դարձնել, թեև առաջին իսկ րոպեից նրանց բուժօգնություն են ցուցաբերել: Նրանք տեղափոխվել են տարբեր կլինիկաներ: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն նրանց առողջությունը», – լրագրողներին ասել է Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Ռուսթավի 2-ի տեղեկատվության համաձայն, պայթյունից առավել տուժել է 21-ամյա տղան, ում մարմնի մակերևույթի 35%-ն այրված է: Այժմ նա գտնվում է Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Պայթյունի հետևանքով նաև տուժել է 7 ամսական երեխա, որը հոսպիտալացվել է Թբիլիսիի Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների խոսքով, երեխան հաղորդակցային վիճակում է և նրան ներկայումս հետազոտում են:

«Սուր շնչառական անբավարարության նշաններ չկան, դինամիկան վերահսկվում է: Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը կայուն է: Նա վերահսկողության տակ է և հետազոտությունները շարունակվում են: Արվածքներ չեն դիտարկվում», – լրագրողներին ասել է Իաշվիլիի մանկական հիվանդանոցի բժիշկը:

Քրեական գործը հարուցվել է «էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքային օբյեկտների անվտանգության կանոնների խախտում, որը առաջացրել է մահ կամ այլ լուրջ հետևանքներ» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 7 տարի ժամկետով:

Վրաստանում բնակչության կողմից գազի սարքավորումների շահագործման անվտանգության անարդյունավետ վերահսկման խնդիրը հատկապես արդիական է դարձել՝ վերջին ամիսների ընթացքում Թբիլիսիում մահվան դեպքերից հետո:

Դիդի Դիղոմիի շրջանում, հունվարի կեսերին, բազմահարկ շենքում գազի արտահոսքից աաջացած պայթյունի հետևանքով մահացել էր չորս մարդ, այդ թվում` երեխա: Հունվարի 31-ին Իսանիում շմոլ գազից մահացել էր յոթ մարդ: