Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն այցելել է Ճգնավորի վանք, որտեղ երկու օր առաջ, անհայտ անձինք կոտրել ու փչացրել էին սրբապատկերները:

Այսօր, ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը ուխտավորաբար այցելել են Վանք:

Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպել են Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկողություն են իրականացնում տեղում:

Սրբավայրում հոգևորականներն աղոթել են և շարականներ երգել:

«Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացներ: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարևանությամբ ապրող մարդկանց կողմից մաքրվել են վանդալիզմի հետքերը և կրկին շարունակում են այցելել և մոմ վառել սրբավայրում»,- այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի առավոտյան, Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին:

Ախալքալաքի ոստիկանության բաժինը սույն փաստով հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում: