Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի դաստիարակի գործը, որը, ըստ ծնողների պնդման, ապտակել է իրենց 4-ամյա աղջկան, քննվում է ոստիկանությունում:

Jnews.ge-ում հրապարակված «Ծնողները բողոքել են մանկապարտեզում բուլիինգի կապակցությամբ» հոդվածից հետո, այս գործով սկսել է զբաղվել Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակը: Նաև երեխայի մայրը կապվել էր jnews-ի խմբագրությանն, ասելով, որ ուզում է ներկայացնել մանկապարտեզում տեղի ունեցածի մասին իր տարբերակը: Ըստ նրա, միջադեպը տեղի է ունեցել 2019 թ. մարտի 1-ին:

«Տանը խաղալիս նա պատմում էր, կիսվում էր իր քրոջ հետ, որ դաստիարակը ապտակել էր իրեն: Ես խոհանոցում ինչ-որ գործ էի անում: Աղջիկս ասաց, որ դաստիարակը հարվածել է նրան և նա սկսել է լացել, հետո դաստիարակը նրան կանչել է, որպեսզի սփոփի, բայց աղջիկս չի գնացել: Նա մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ամեն ինչ եղել, նույնիսկ այն փաստը, որ նրանք իրենց անպատշաճ էին պահում, թե ինչպես էին բոլոր երեխաները հարվածում սեղանին սարքերով», – պատմում է երեխայի մայրը:

Նա գնացել է մանկապարտեզ, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, բայց դաստիարակը նրան պատասխանել է կոպտորեն:

«Նա ասաց, որ երեխաները չարաճճիություն էին անում, նրանք 30-ն են, դայակը չկար, չի կարողացել հանգստացնել և իրեն թույլ տվել, թեթև մեկ անգամ հարվածել, և, որ ես չափազանցնում եմ տեղի ունեցածը: Նա ասաց, որ հարվածել է նաև մյուս երեխաներին: Նա ինձ մեղադրեց, որ միայն ես եմ բողոքում: Ես պատասխանեցի, որ նա ուղղակի իրավունք չունի հարվածել երեխային: Այս իմ խոսքից հետո հունից դուրս եկավ, ասաց, որ իրավունք ունի հարվածելու և նշեց, որ երբ ժամանակ ունենամ երեխայս դաստիարակեմ, քանի որ նա անդաստիարակ է», – պատմում է մայրը:

Դրանից հետո վիրավորված մայրը գնացել է մանկապարտեզի գործավարի մոտ և դիմում է գրել: 4-ամյա աղջնակի մոր խոսքով, մանկապարտեզում փորձեր են եղել պարզել իրավիճակն ու գտնել փոխզիջում, սակայն 20-օրյա շարունակական փորձերը որևէ արդյունք չեն տվել: Արդյունքում` դիմումը ուղարկվել է մանկապարտեզների միավորում, իսկ այնտեղից՝ քաղաքապետարան:

Քաղաքապետարանն իր հերթին, դիմումը վերահասցեագրել է ոստիկանությանը, քանի որ այնտեղ նշված էր բռնության հնարավոր փաստի մասին, իսկ դա արդեն ինքնավար մարմնի իրավասությանը պատկանող գործը չէ, այլ՝ իրավապահ մարմինների:

«Նյութերն ուղարկվել են ոստիկանություն, դա քրեական հանցանք է: Քաղաքապետարանի կողմից որևէ որոշում չի կարող կայացվել, եթե ծեծի են ենթարկում անձին, լինի դա երեխա թե մեծահասակ, կարևոր չէ, գործն իրավապահ մարմինների կողմից է վերանայվում: Դրանից հետո նրանք մեզ կարող են դիմում ներկայացնել, կամ էլ քաղաքապետարանին կամ մանկապարտեզների միավորմանը, որպեսզի մենք որոշակի գործողություններ ձեռնարկենք, որպեսզի նման բան չկրկնվի», – մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով`«բռնություն», մասնավորապես` «անչափահասի, անօգնական վիճակում գտնվող անձի, սահմանափակ կարողություններ ունեցող անձի կամ հղի կնոջ նկատմամբ բռնություն» ենթակետով: Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 180-ից 240 ժամվա ընթացքում կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:

4-ամյա աղջկա ծնողների դիմումի մեջ նշված դաստիարակն ասում է, որ նման բան տեղի չի ունեցել, և, որ այս թեման սադրանք է, իրեն աշխատանքից հեռացնելու նպատակով:

Քրիստինե Մարաբյան