Բժշկական ապահովագրության խնդիրը մինչև հիմա արդիական է Ախալքալաքի շրջանում: Բնակչությունը քիչ է օգտվում պետության կողմից ֆինանսավորվող բժշկական ծառայություններից՝ տեղեկատվության պակասի և տեղամասային բժիշկներ չունենալու պատճառով:

Պետական բժշկական ապահովագրության գործընթացը Ախալքալաքում դեռ ճշգրտված չի: Չնայած, արդեն մի քանի տարի է պետությունն աշխատում է այդ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր հանկարծ պոլիսներ ստացան, չէին կարողանում դրանք օգտագործել: Շատերն այդ ժամանակ բժշկական օգնության էին դիմում՝ մտածելով, եթե պոլիս ունեն, ապա ցանկացած բժշկական օգնություն կարող են անվճար ստանալ: Սակայն, դա այդպես չէր: Դրանից հետո մարդիկ պարզապես պոլիսները ցույց էլ չէին տալիս և վճարում էին ցանկացած բժշկական ծառայության դիմաց: Եղավ ժամանակ, երբ բժիշկները հրաժարվում էին պոլիսով հիվանդներին ընդունել, որովհետև ապահովագրական ընկերություններն էլ հրաժարվում էին իրենց վճարել: Թե նախկիում, թե հիմա բնակչությունը անտեղյակ է պետական ապահովագրությունից: Խնդիրը մինչև հիմա արդիական է: Արդեն երեք տարի է Վրաստանում գործում է համընդհանուր ապահովագրության ծրագիրը: Ըստ, որի յուրաքանչյուր քաղաքացի պետական ապահովագրության իրավունք ունի, անկախ տարիքից:

Մեր կողմից հարցման ենթարկված 10 հոգուց 8-ը չգիտեին, որ նրանք բժշկական ապահովագրական պոլիսներ ունեն:

«Չգիտեի, որ մենք ապահովագրություն ունենք: Միշտ էլ վճարել ենք բժշկական ծառայությունների դիմաց: Մի շաբաթ առաջ հիվանդանոցում էի, ոտքերիս մկաններն էի վնասել: Ասացի ինչքան եմ վճարելու, պատասխանեցին՝ 25 լարի»,- ասաց հարցման ենթարկվածներից Ազնիվ Գրիգորյանը:

Հարցմանը մասնակցած երկու հոգուց մեկը, ով տեղյակ էր բժշկական պոլիսների մասին՝ Փիրուզան էր:

«Ապահովագրության մասին իմացա շրջանային հիվանդանոցի տնօրենից: Նա առաջարկեց ակտիվացնել պոլիսը: Հայրս պետական ծառայող է և ապահովագրություն պարտադիր է, դրանից մայրս էլ կարող է օգտվել: Ես գիտեմ, որ մինչև 6 տարեկան երեխաները ևս ունեն ապահովագրություն: Փառք Աստծո մենք մինչև հիմա հիվանդանոց չենք դիմել, որպեսզի իմանայինք»,- ասաց Ախալքալաքի բնակիչ Փիրուզա Տեր-Գրիգորյանը:

Կան մարդիկ, ովքեր ապահովագրական պոլիսներով դիմել են բժշկական ծառայություն ստանալու համար, սակայն ապարդյուն:

«Մենք ապահովագրական պոլիսներով գնացինք Թբիլիսիի հիվանդանոց, բայց մեր պոլիսը չընդունեցին: Ես հիմա Թբիլիսում եմ բուժվում, բայց վճարովի: Պոլիսները անցնում են վիրահատությունների ժամանակ, սովորական հիվանդությունների բուժման ժամանակ չի անցնում: Եթե բարդ վիրահատություն է լինում, այդ ժամանակը պոլիսը 70% փակում է ծախսերը»,- ասաց Ախալքալաքի շրջանի բնակիչ Աստղիկ Գրիգորյանը:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջերի կարծիքով ակտուալ խնդիր է բնակչության անտեղյակությունը:

«Վրաստանի ցանկացած բնակիչ՝ ծնված օրվանից մինչև կյանքի վերջ, բոլորը, առանց բացառության ապահովագրական պոլիսներ ունեն: Առողջապահության նախարարությունն ու Վրաստանի կառավարությունը նախանցած տարի որոշում ընդունեցին բնակչությանը ապահովագրել: Այսինքն, յուրաքանչյուր կարգ իր ապահովագրական փաթեթն ունի: Բոլորը ապահովագրված են կառավարության 36 որոշման համաձայն: Այսինքն, տարբեր ծրագրերով նախատեսված է տարբեր տեսակի բժշկական օգնություն»,- ասաց Ալեքսանդր Թորոյանը:

Երկրորդ կարևոր խնդիրը ապահովագրության ոլորտում հանդիսանում է տեղամասային բժիշկների պակասությունը:

«Մեր շրջանի համար ամենակարևոր ու ցավոտ խնդիրը տեղամասային բժիշկներ չունենալն է: Մունիցիպալիտետի 60 գյուղերից, ցավոք, միայն 11-ում ունենք տեղամասային բժիշկներ: Այսինքն, եթե մի բժիշկ 2-3 գյուղի է սպասարկում, ապա մունիցիպալիտետի բնակչության 50% առանց բժշկական ծառայության է մնում: Գյուղ կա, որ տեղամասային բժիշկ ունի, ով աշխատում է: Այդ բժիշկները խորհրդատվություն են անցկացնում և ուղարկում մեզ մոտ, նրանց համար անվճար է: Կան ծառայություններ, երբ անհրաժեշտ է լինում վիրաբույժի, գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, ականջի, քիթ-կոկորդի մասնագետի միջամտություն, այդ դեպքում ապահովագրական պոլիսը 30% է փակում է հիվանդության ծախսերը: Այսինքն, եթե խորհրդատվությունն արժե 25 լարի, վճարելու են 7 լարիից մի քիչ ավել: Այն գյուղերը, ովքեր չունեն տեղամասային բժիշկներ մեղավոր չեն, սակայն վճարում են 100%»,- բացատրեց Ալեքսանդր Թորոյանը:

Շրջանային հիվանդանոցի մենեջերի խոսքերով՝ հիվանդանոցի ղեկավարությունը երկու տարի առաջ դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին և խորհրդարանի պատգամավորին, որպեսզի նրանք ևս իրենց հերթին դիմեն Առողջապահության նախարարություն գյուղերի տեղամասային բժիշկների քանակն ավելացնելու համար: Երկու տարի է անցել, սակայն հիվանդանոցը այդպես էլ պատասխան չի ստացել՝ դրական կամ բացասական:

«Սա աբսուրդ է, որ Նինոծմինդայի շրջանն ունենալով 50% ավելի քիչ բնակչություն համեմատած Ախալքալաքի հետ, 50% շատ բժիշկներ ունի, քան Ախալքալաքը: Մենք բժիշկներ ունենք, ովքեր պատրաստ են գնալ գյուղեր և աշխատել: Կարծախ գյուղի բնակչից մենք 100% գումար ենք վերցնում, իսկ մյուս գյուղերինը 70%: Մարդիկ բողոքում են, որ տեղամասային բժիշկներ չունեն: Ինչու՞ պետք է մենք ավել գումար վճարենք: Ես ընդունում եմ նրանց բողոքը, արդարացի բողոք է»,- ասաց Ալեքսանդր Թորոյանը:

Ինչպես մեզ տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, ապահովագրական պոլիսների մասին տեղեկատվության տարածմամբ պետք է զբաղվի տարածաշրջանային խորհրդատվական կենտրոնը: Խորհրդատվական կենտրոնը տեղեկատվությունը բնակչությանը պետք է հայտնի նրանց հասանելի լեզվով: Սակայն տեղեկատվության պակասը պարզ երևում է:

Քրիստինե Մարաբյան