Ախալքալաքի շրջանից 185 շրջանավարտ քննություն հանձնեց վրացական տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Ախալքալաքի շրջանի 719 շրջանավարտներից 185 դիմել են վրացական բուհեր ընդունվելու համար: Հուլիսի 6-ին, Վրաստանում տեղի ունեցան միասնական ազգային քննություններ ազգային փոքրամասնությունների համար: Ախալքալաքի շրջանի դիմորդները քննությունները հանձնեցին Ախալցիխեի քննական կենտրոնում: Քննություններն ընթացան կենտրոնացված համակարգով, իսկ արդյունքները պարզ կլինեն 20 օրից:

Ախալցիխեի քննական կենտրոնում դիմորդների գրանցումը սկսվեց առավոտյան ժամը 8:00-ին, իսկ քննությունը՝ 9:00-ին։

«Քննությունը երեք ժամ տևեց: Դժվար հարցեր կային, բայց ինձ համար հեշտ էր: Երկու առարկայից եմ հանձնել՝ տրամաբանություն և մաթեմատիկա: Հարցերը հայերենով էին: Դիմել եմ Ջավախիշվիլիի անվան համալսարանի 0 կուրս ընդունվելու համար: Մի տարի լեզուն սովորեմ, հետո նոր մասնագիտություն կընտրեմ»,- ասաց դիմորդ Ռաֆայել Սերոբյանը:

Վրաստանը արդեն 6-րդ տարին է ազգային փոքրամասնությունների շրջանավարտների համար հատուկ կրթական ծրագիր է իրականացնում: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ընդունելության համար հանձնում են մեկ քննություն ընդհանուր ունակություններից իրենց մայրենի լեզվով: Եվ կրթական առաջին տարում սովորում են վրաց լեզու, այնուհետև տեղափոխվում առաջին կուրս:

Օլյա Մղդեսյանը մասնակցել է ազգային միասնական քննություններին: Նրա խոսքերով բավականին դժվար հարցեր էին:
«Համեմատած անցած տարվա քննությունների հետ, այս տարվա ծրագիրը ավելի բարդ էր: Իմ կարծիքով բավականին հաջող եմ հանձնել, հույս ունեմ կընդունվեմ: Ես դիմել եմ Ախալքալաքի Ջավախաշվիլիի անվան պետ համալսարանը ընդունվելու համար: Ես ուզում էի Թբիլիսիում սովորել, բայց ծնողներս որոշեցին, որ իրենց կողքին լինեմ, հետո մագիստրատուրան կշարունակեմ Թբիլիսիում»,- ասաց Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցի շրջանավարտ Օլյա Մղդեսյանը:

Հայկական դպրոցների շրջանավարտները քննություն հանձնեցին ընդհանուր ունակություններից: Ախալքալաքի շրջանի 185 դիմորդներից, թե քանիսը կհաղթահարեն ընդունելության քննությունների մինիմում շեմը՝ պարզ կդառնա 20 օր անց: Նշենք, որ մինիմում հաղթահարելի շեմը 24 միավորն է: Միասնական ազգային քննություններին մասնակցած դիմորդների հեռախոսներին հաղորդագրություն կուղարկվի հավաքած միավորների մասին:

Աղունիկ Այվազյան