Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում հետաքրքիր ավանդույթ կա, ամեն հինգշաբթի տոնավաճառ է բացվում, որովհետև այստեղ խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց անհրաժեշտ գնումներն անել:

Գյուղի դպրոց տանող ճանապարհին անսովոր աշխուժություն է տիրում, երեխաները կոնֆետ ու բուլկի են գնում, կանայք սպիտակեղենն են տնտղում և երկար-բարակ ապրանքի գինն են փորձում իջեցնել:

tonavajar

«Առևտրականները մեքենաներով գյուղ են գալիս, շատ հարմար է, ստիպված չենք ամեն ինչի համար Ախալքալաք հասնել»,- ասաց մի կին:

Ամեն հինգաշբթի օր ժամը՝ 11-ից մինչև կեսօր Գյումրիից, Ախալքալաքից, Ախալցիխեից առևտրականներն իրենց մեքենաներով Զակում առևտուր են անում: Ցեխոտ ճանապարհների, ցելոֆանի վրա հերթով դասավորված են սրբիչները, մանկական խաղալիքներ ու մթերք: Կարճ ասած՝ ամեն ինչ մեկ վայրում:

zak janaparh

Զակի բնակիչները նշում են՝ գյուղում խանութ չկա, և, նույնիսկ մեկ տուփ լուցկի գնելու համար նրանք սպասում են հինգշաբթի օրվան կամ ծանոթ մեքենայի, որ կարողանան քաղաք հասնել:

Այս գյուղում խնդիր է, ոչ միայն խանութի բացակայությունը, այլև անմխիթար ճանապարհները, աշխատատեղերի բացակայությունը և այլն:

gyuxamej

Արարատ Մկրտչյանը բողոքում է, իրենց գյուղն անուշադրության է մատնված, մարդիկ ստիպված արտագաղթում են: Եթե սովետական միության տարիներին Զակում 350 տնտեսություն էր ապրում, ապա այսօր ընդամենը՝ 90:

«Մեր վիճակը վատ է: Այսօրվա դրությամբ փող ենք հավաքում, որ ճանապարհը նորոգենք, որ գոնե կարողանանք գյուղի մեջ քայլել: Անցած տարի ճանապարհը հարթեցնելու համար 8000 լարի էին հատկացրել, բերեցին 4 մեքենա ավազ լցրին, իսկ մենք էլ փռեցինք, բայց 4 մեքենան բավարա՞ր էր այս ճանապարհը հարթեցնելու համար»,- նշեց նա:

Այս տարի Զակում «Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում հատկացված 12 000 լարին ամբողջությամբ կծախսեն գյուղի արտաքին լուսավորության վրա: Իսկ պետական բյուջեի միջոցներով կասֆալտապատվի Զակ-Բուղաշեն-Մերենիա-Իխտիլա ճանապարհը, որի համար կծախսվի 655 990 լարի:

tesaran gyuxic

Աղունիկ Այվազյան