Ջավախքում առաջընթաց կա գենդերային հավասարության հարցում, սակայն սոցիալական դերերի առումով տղամարդը կնոջը չի ընդունում որպես հավասար, ընդ որում կանայք դեմ չեն:

Արևոի (անունը փոխված է) տիպիկ օրը սկսվում է երեխաներին դպրոց գնալու հետ: Նա արթնանում է, ուղարկում է երեխաներին, ապա ճաշ է պատրաստում, մաքրությամբ զբաղվում, շփվում հարեւանների հետ:

«Վերջերս տրամադրությունս վատ էր», – ասում է մեր հերոսուհին: – Տանը ծանր իրավիճակ է»

Արևոն ամուսնացել է շատ վաղ հասակում՝ 16 տարեկանում: Այժմ նա 32 տարեկան է: 13 տարի առաջ նրա ամուսինը մահացել է, թողնելով նրան երկու փոքր երեխաների հետ: Նա ապրում է ամուսնու ընտանիքի հետ, միշտ ցանկացել է աշխատել, բայց ընտանիքը դեմ է եղել:

«Հիմա ես արդեն մեծացել եմ, չլսեցի ընտանիքիս, տրամադրվեցի, որ ժամանակն է դուրս գալ մարդկանց մեջ: Սկզբում նրանք դեմ էին, բայց հիմա ընդունել են, համակերպվել են: Ես կարողացա գնալ այդ քայլին, քանի որ երեխաներս արդեն մեծացել են, աջակցում են ինձ: Այս դեպքում ֆինանսական խնդիրը որեւէ կապ չուներ, ես ուզում էի միայն աշխատել ինձ համար, որպեսզի տնից դուրս գայի»:

Ըստ նրա, ամուսինը դեմ չէր լինի, որ իր կինն աշխատեր, բայց միայն այն ոլորտում, որտեղ տղամարդկանց հետ շփում չէր ունենա, որը, ընդհանուր առմամբ, ձեռք էր տալիս Արեւոյին:

«Ես դիտարկում էի միայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հրուշակեղեն թխելը կամ էլ վարսահարդարի աշխատանքը: Մի ժամանակ ես ուզում էի բարձրագույն կրթություն ստանալ, հետո դա անցավ»:

Ըստ մեր հերոսուհու, տղամարդկանց եւ կանանց պարտականությունները խիստ առանձնացված են: «Ոչ, ես չեմ կարող պատկերացնել ամուսնուս սպասքը լվանալիս, այդ դեպքում ինչի համար է կինը: Մենք ստեղծվել ենք, որպեսզի կատարենք մեր պարտականությունները, իսկ նրանք՝ իրենցը»: Տղամարդիկ եւ կանայք, նրա կարծիքով, չեն կարող հավասար լինել, քանի որ նրանք ունեն տարբեր աշխարհայացքներ, բնությունը տարբեր է:

«Գենդերային հավասարությունը կենսաբանական հավասարություն չէ: Դա տղամարդկանց եւ կանանց հավասարությունն է՝ սոցիալական առումով, մասնավորապես կրթություն ստանալու, տնտեսական անկախության եւ այլ հարցերում: Հաճախ հասարակությունում շփոթում են այդ հասկացությունները, եւ գենդերային հավասարության հասկացողությունը հասկանում են ոչ այնպես, ինչպես հարկն է, ուստի և առաջանում է խառնաշփոթ: Այս երեւույթի պատճառը հանդիսանում է բնակչության ապատեղեկացվացումը, անգրագիտությունը,- բացատրում է գենդերային հարցերի փորձագետ՝ Ախալքալաքի Կանանց սենյակի ղեկավար Անահիտ Ասատրյանը:

kuxnya

Շատերի համար, «Կնոջ տեղը խոհանոցում է» արտահայտությունը դեռեւս անհերքելի է:

Արթուրը կարծում է, որ գենդերային հավասարություն չի կարող լինել, քանի որ արդեն իսկ գոյություն ունի սեական, ֆիզիոլոգիական անհավասարություն: Կանայք պետք է լսող եւ հնազանդ լինեն, քանի որ տղամարդկանց խոսքն ավելի առաջնային է:

«Այո, կան կանայք, ովքեր աշխատում են, գրեթե տղամարդուն հավասար են գտնվում, բայց լիարժեք հավասարություն լինել չի կարող», – ասում է Արթուրը (անունը փոխված է):

Արթուրը բավականին նորմալ է վերաբերվում աշխատող կանանց, կանանց ղեկի մոտ, նա կարող է պատկերացնել իր կնոջն այս դերում: «Սակայն կնոջ համար միևնույն է առաջնայինը ընտանիքն է, – ասում է նա: – Թե չէ ինչու համար է տղամարդը: Նա պետք է աշխատի, ձգտի, առաջ գնա, լինի ընտանիքի գլուխը: Այո, կինը կարող է արտահայտել իր կարծիքը եւ քննարկել, բայց վերջնական խոսքը տղամարդուն է: Կինը պետք է մնա իր սահմաններում: Նա կարող է զբաղվել որևէ դյուրին բանով, որպես զբաղմունք իր համար, այլ ոչ թե գումար վաստակելու համար, որպեսզի չխանգարի ընտանիքին »:

Նման մտածելակերպը շատ տարածված է կովկասյան ժողովուրդների շրջանում: Համարվում է, որ կինը, առաջին հերթին, տան օջախի պահապանն է, իսկ տղամարդը՝ ընտանիքը կերակրողը: Փորձագետ Անահիտ Ասատրյանի կարծիքով, դա բացատրվում է այն ավանդույթներով եւ սովորություններով, որոնցում մենք սերունդներ շարունակ դաստիարակվել ենք:

Այնուամենայնիվ, այսօր արդեն հնարավոր է հետեւել հասարակական գիտակցության փոփոխություններին. «Այժմ արդեն հենց իրենք՝ աղջիկները եւ կանայք այլ կերպ են մտածում, նրանք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, լինել տնտեսապես անկախ, ինքնահաստատվել: Իրականում, մեզ մոտ առանց կանանց, շատ ընտանիքներում որոշումներ չեն կայացվում: Այո, համարվում է, որ տղամարդն է գլխավորը, բայց իրականում ամեն ինչ հակառակն է », – ժպտում է Անահիտը:

Արթուրը համոզված է, որ տան գործերը կնոջ պարտականությունն է, բայց որոշ իրավիճակներում տղամարդն, իհարկե, պետք է օգնի նրան: Արթուրը ինքը հաճախակի է օգնել իր կնոջը տնային գործերում կամ երեխաներին խնամելիս, բայց նրա կարծիքով, տղամարդը չի կարող ֆիզիկապես տնային աշխատանքները կիսել «50-ը 50-ի», նա պետք է աշխատի իր ընտանիքը կերակրելու համար:

Армянские женщины из Ахалцыха

Ջավախքցի կնոջ կերպարը, Ախալցիխեի հայուհիները:

Գոհար Ավագյանի կյանքն արդեն 40 տարի է «զանգից զանգ» ընթացք ունի՝ դպրոց, ապա համալսարան եւ նորից աշխատանք դպրոցում:

«Նախկինում աղջիկների եւ կանանց ընտրությունը մեծ չէր, հիմնականում ընդունվում էին կամ մանկավարժական կամ բժշկական ֆակուլտետներ»:

Գոհարն աշխատում է թիվ 2 ռուսական դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ եւ շատ է սիրում այն ամենը, որին նվիրել է իր կյանքի մեծ մասը: Ըստ նրա, ընտանիքում ընդհանրապես բարձրագույն կրթություն չստանալու հարցը դրված չէր, բոլոր երեխաները, անխտիր, պետք է սովորեին: Չկային խնդիրներ նաեւ աշխատելու հետ, նա սկսել է դասավանդել համալսարանն ավարտելուց անմիջապես հետո եւ աշխատանքը շարունակել է նաև ամուսնությունից հետո:

«Իմ առջև երբեք չի եղել ընտրություն աշխատանքի կամ ընտանիքի միջեւ: Երեխաներս սովորել են իմ իսկ դպրոցում, եւ ավարտելուց հետո նրանք ընդունվել եւ մեկնել են Երեւան, կարելի է ասել, որ ես այս առումով փոքրիշատե ավելի ազատ եմ: Ես կարողացել եմ ինձ թույլ տալ իմ հիմնական աշխատանքից հետո աշխատել դասախոսությամբ, այժմ ես մեծահասակների կրթության կենտրոնում եմ աշխատում, սկսել եմ զբաղվել հասարակական գործունեությամբ»:

Ի թիվս այլ բաների Գոհարն Ախալցիխայում հատուկ ծրագրով անցնում է վերապատրաստում՝ որակավորման բարձրացման և այնուհետև ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար: Նա խոստովանում է.

«Որ տնային գործերս չէի հասցնում անել, անում էի գիշերները, բայց միևնույն է ես տան գործերս հասցնում էի: Ֆիզիկապես դժվար էր, բայց ոչ ոք ինձ չէր ճնշում: Ամուսինս էլ էր աշխատում առավոտից մինչեւ երեկո, ես չէի կարող ինձ թույլ տալ նրանից պահանջել, որ աշխատի տանն էլ, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո»:

Գոհարը համարում է, որ տանը տղամարդիկ եւ կանայք իրենց պարտականություններն ունեն: Օրինակ, սպասքի լվացումը կնոջ գործն է, իսկ տղամարդը հանգիստ կարող է գնալ շուկա, աղբը թափել, եւ իրենց ընտանիքում նա դա անում է: «Ինչպես սովորաբար ընդունված է, մեզ մոտ տղամարդն է ընտանիքը կերակրողը, ամուսինս ինձանից ավելի շատ է վաստակում, համապատասխանաբար, տնային գործերն ավելի շատ ես եմ անում, եւ ես չեմ կարծում, որ դա ամոթ է: Իսկ եթե մենք վաստակեինք նույնչափ … դե, մեր կովկասյան մտածելակերպը թույլ չի տալիս տղամարդուն զբաղվել նման գործերով », – մեզ հետ կիսվում է հերոսուհին:

Գենդերային հարցերով փորձագետ Անահիտ Ասատրյանի կարծիքով, Ախալքալաքում, այս պահի դրությամբ, աշխատող կնոջ առջեւ որեւէ խոչընդոտ չկա, բացի հասարակական կարծիքից: «Շատ կանայք մտահոգված են, թե ինչ կմտածեն իրենց մասին, եթե նրանք կատարեն այս կամ այն աշխատանքը, բայց այս իրավիճակն էլ է արդեն փոխվում դեպի լավը: Աստիճանաբար, նրանք սկսում են անել այն, ինչը հարմար են գտնում », – ասում է նա:

Ախալքալաքում դեռեւս գոյություն ունեն գենդերային հավասարության առումով խնդիրներ:

«Ֆիզիկական բռնության խնդիրը, իհարկե, կրճատվել է, բայց դեռ գոյություն ունի, 5-10% ընտանիքներում: Հիմնական խնդիրն այժմ տնտեսական եւ բարոյական բռնությունն է: Օրինակ, սեփականության հարցում նրանք դեռ փորձում են այն գրել տալ միայն տղաների վրա: Սակայն սերնդեսերունդ, իրավիճակը փոխվում է դեպի լավը », – ասում է Անահիտ Ասատրյանը:

Նրա կարծիքով այս հարցում նշանակալի դեր դեր ունի կրթությունը, երիտասարդներին այդ մասին տեղեկատվություն հաղորդելը, թե ինչ է իրենից ներկայացնում գենդերային հավասարության գաղափարը: Գլխավորը ծայրահեղության չգնալն է եւ ողջամտությունը պահպանելը, լավ է, երբ բոլոր խնդիրները լուծվում են համատեղ, փոխըմբռնման արդյունքում եւ աջակցության շնորհիվ:

Ամալյա Բաբայան