Կոյուղու խնդիր Նորաշեն թաղամասում, ճանապարհային խնդիրներ քաղաքում, սեփականաշնորհված արոտավայրեր, ինչպես նաև այլ խնդիրներ ներկայացվեցին Վրաստանի տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպությունների ուշադրությանը: Նրանք հավաքվել էին Նինոծմինդայում՝ տեղում ծանոթանալու քաղաքի խնդիրներին:

Այսօր մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսին է «Նոր իրականություն», «Վրաստանի վետերանների և հայրենասերների շարժում», Նինոծմինդա քաղաքում հանդիպեցին բնակչության հետ ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին:

Կազմակերպությունների ներկայացուցիչները եղան Նորաշեն թաղամասում և խոսեցին բնակչության հետ: Բնակիչները հանդիպման ժամանակ հիմնականում խոսում էին կոյուղու, ճանապարհների, արոտավայրերի և մի շարք այլ խնդիրների մասին:

«Վրաստանի վետերանների և հայրենասերների շարժման» ներկայացուցչի խոսքերով, այս խնդիների լուծման համար մեծ ուշադրություն պետք է դարձնել:
«Մենք, այսօր եկել ենք, որ ինքներս հանդիպենք բնակիչների հետ, ինչպես նաև այս խնդիրների մասին տեղեկացնենք Թբիլիսիիում: Ովքեր մեղավոր են այս ամենի մեջ օրենքի առաջ պետք է պատասխան տան: Մենք կաշխատենք հաճախ այցելել, ինչպես նաև գյուղերում շրջելով ծանոթանալ գյուղաբնակներին հուզող խնդիրներին և հնարավորության դեպքում լուծել դրանք»,- ասաց Գիա Բեռձենիձեն:

Մերաբ Շատեիշվիլու խոսքերով արդյունավետ կլինի, եթե Նինոծմինդայի մասին խոսեն կենտրոնական ալիքներով:
«Մենք պետք է հատուկ ծրագիր ստեղծենք Թբիլիսիի կենտրոնական հեռուստատեսությամբ, որի ընթացքում կքննարկվեն միայն Նինոծմինդա քաղաքին հուզող խնդիրները: Եվ մենք տեղեկատվություն կհասցնենք Թբիլիսի, որպեսի այնտեղ իմանան, թե այստեղ ինչ է կատարվում»,- ասաց «Նոր իրականություն» կազմակերպության ներկայացուցիչը:

Նորաշեն թաղամաս շրջայցից հետո հյուրերը բնակչության հետ հանդիպեցին նաև Հայոս-Քարթլոս այգու տարածքում, ուր ևս քննարկվեցին բնակչությանը հուզող խնդիրներ: