Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Միավորված ընդդիմության կողմից կառաջադրվի Զուգդիդի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնին:

Ռուլոֆսի թեկնածությունն այսօրվա ճեպազրույցում ներկայացրել է միասնական ընդդիմությունը, որը բաղկացած է 12 ընդդիմադիր կուսակցությունից և գտնվում է Միասնական ազգային շարժման ղեկավարության ներքո:

Ազգային շարժման առաջնորդներից մեկը՝ Գրիգոլ Վաշաձեն, ճեպազրույցում հայտարարել է, որ միջանկյալ ընտրությունները «գլխավոր փորձ» կլինեն 2020 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: «Զուգդիդը կլինի մեր ջանքերի հիմնական ուղղություններից մեկը, եւ մենք շատ գոհ ենք, որ կունենանք արժանի թեկնածու, թեկնածու, ում սիրում են Զուգդիդիում եւ Սամեգրելոյում», – հայտարարել է նա:

Սանդրա Ռուլոֆսն իր ելույթում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ավելի քան երբեք, ես վճռական եմ տրամադրվել Զուգդիդի բնակչության աջակցությունն ունենալու համար, և սկսել մտածել այս ժողովրդի մասին արդեն գործադիր իշխանության օղակում: Եվ կլինի այնպիսի ազնիվ կղզի ամբողջ Վրաստանում, որտեղ մենք կարող ենք ունենալ շատ մեծ փոփոխություններ ժողովրդի համար », – ասել է նա:

Սանդրա Ռուլոֆսը Զուգդիդի մեծամասնական պատգամավորի պաշտոնին առաջադրվել էր նաև 2016 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այս որոշումից մի քանի օր առաջ նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել էր Ազգային շարժման պատվավոր նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին եւ աջակցել Գրիգոլ Վաշաձեի թեկնածությանը այդ պաշտոնում:

Զուգդիդի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Զուգդիդի քաղաքապետ՝ Լաշա Գոգիան, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից, ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով: