Ախալքալաքի Ճավճավաձե №5 հասցեում տեղադրված «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատճառով ստեղծված հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Ինչ որոշում կկայացվի խնդրահարույց և այլ նշանների հարցով դեռ պարզ չէ։

Երեք ամիս առաջ Ախալքալաքի Ճավճավաձե №5 հասցեում տեղադրված «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատճառով հակադրվեցին փողոցի բնակիչը, փողոցի վրա գտնվող բուքմեքերական գրասենյակի սեփականատերերն ու քաղաքապետարանը:

Խնդրին լուծում տալու նպատակով Քաղաքապետարանում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվեց, որն էլ ուսումնասիրում է, ոչ միայն կոնկրետ այս նշանի օրենքով, թե ապօրինի տեղադրված լինելը, այլև ամբողջ քաղաքում ճանապարհային նշանների վիճակը:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խումբն ինտեսնիվ աշխատում է: Ուսումնասիրվում է ամբողջ քաղաքի ճանապարհային նշանները, ինչը ժամանակ է պահանջում:

«Աշխատանքները շարունակվում են, այսինքն` իրենք իրենց եզրակացությունը կտան, որից հետո մենք որոշում կկայացնենք այդ եզրակացության հիման վրա: Քաղաքի բոլոր ճանապարհային նշանները պետք է ուսումնասիրվեն, երթևեկությունը ծանրաբեռնված է, սա մի օրվա աշխատանք չէ: Մոտավոր ծրագրում ենք մյուս շաբաթվա մեջ որոշում կայացնել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը:

Ախալքալաքում առանց տուգանվելու երթևեկելն իսկական հերոսություն է
«Կայանելն արգելվում է»՝ օրենքի խախտում, թե՞ վերականգնում

Ճանապարհային նշաններն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Նրանց թվում են Ախալքալաքի Սակրեբուլոյի 2 պատգամավոր, քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակական կազմապերպության ներկայացուցիչ և պարեկային ոստիկանության ներկայացուցիչ:

«Մենք այս պահի դրությամբ աշխատում ենք քարտեզի վրա, ինչպես նաև շրջում ենք փողոցներով, որտեղ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնված։ Աշխատանքային խմբի անդամները առաջարկություններ են անում, թե ինչ կարելի է անել, որպեսզի ճիշտ կազմակերպվի երթևեկությունը, որտեղ կանգառ կարելի է, որտեղ՝ ոչ և այլն: Հիմնականում կարևորություն է տրվում քաղաքի ծանրաբեռնված հատվածներին: Սա բավականին լայնամաշտապ աշխատանք է, չեմ կարող ասել, երբ կավարտենք», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի ճանապարհային նշանների ուսումնասիրման համար ստեղծված հատուկ աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակից Վրեժ Բերիկյանը:

Աղունիկ Այվազյան