Վերջին տարիներին Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային նախագծերը տեղափոխվում են մի տարուց մյուսը: Ընկերությունները տուգանքը վճարում են, բայց միևնույն է աշխատանքը չեն ավարտում: Քաղաքապետարանը պայմանագրի չկատարման համար տուգանքի տոկոսադրույքը բարձրացրել է:

Ենթակառուցվածքային աշխատանքների 3,863,006 լարի գումարը 2018 թ.-ից տեղափոխվել է 2019 թվական: Ընկերությունները տուգանվել են աշխատանքները չկատարելու համար: Դրանց թվում են նաեւ 2017 թվականից չիրականացված ծրագրերը: «Սամոսվալ-1» ընկերությունը եւ անհատ ձեռնարկատեր Էդուարդ Սահարյանը մինչ օրս չեն ավարտել տենդերով հաղթած աշխատանքները:

Տուգանքն, ըստ տենեդրային փաստաթղթերի, յուրաքանչյուր օրվա համար մինչ պայմանագրում փոփոխություն մտցնելը կազմում է տենդերի գումարի 0,002 տոկոսը: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քաղաքապետարանին խորհուրդ է տվել բարձրացնել տուգանքի տոկոսադրույքը մինչեւ 0,3%: Քաղաքապետարանը, հաշվի առնելով Սակրեբուլոյի եւ Վրաստանի պետական գնումների գործակալության առաջարկությունները, պայմանագրի չկատարման համար օրական տուգանքն ավելացրել է մինչեւ 0,2%:

Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Սահարյանը պետք է ասֆալտապատեր կենտրոնական փողոցից Կոմուրդու գյուղի դպրոց տանող ճանապարհը, գցեր երկաթբետոնե մոնոլիտ, ինչպես նաեւ կառուցեր ցանկապատ: Դրա համար մունիցիպալիտետը հատկացրել էր 250,000 լարի: Տենդերը հայտարարվել էր 2017 թվականի օգոստոսի 30-ին: Մրցույթին մասնակցել էր միայն Էդուարդ Սահարյանը եւ շահել էր այն 247,777 լարիով: Նրան տուգանել են երկու անգամ՝ 2018 եւ 2019 թվականներին: Այս տարի նույն աշխատանքի համար հայտարարվել է նոր տենդեր:

«Սամոսվալ-1» ընկերությունը պիտի վերանորոգեր Էխտիլա, Արագվա, Մերենիա եւ Խանդո գյուղերի ծիսակատարությունների տները, ինչպես նաեւ Բեժանո գյուղի գյուղական ակումբը: Այս ամենի համար մունիցիպալիտետը հատկացրել էր 129,440 լարի:

ՍՊԸ «Սամոսվալ-1» ընկերությունը շահել էր Բարալեթ գյուղի Հասարակական տան շրջակայքի ասֆալտապատման տենդերը: Բարեկարգման համար նախատեսված գումարը 42,777 լարի էր: Մրցույթին մասնակցել է 8 ընկերություն: Սկզբում հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը, որը հետագայում որակազրկվել է եւ հաղթող է ճանաչվել «Սամոսվալ -1» -ը: Տենդերը հայտարարվել էր 2017 թ.-ի հուլիսին: Այս բոլոր աշխատանքները պետք է իրականացվեին 2017 թվականին, սակայն դրանք դեռ չեն ավարտվել: «Սամոսվալ-1» -ն եւս տուգանվել է 2 անգամ՝ 2017 թվականին և 2018 թվականին: Այս ընկերությունն այլեւս չի իրականացնի ասֆալտապատման աշխատանքները, սակայն մնացած աշխատանքները կավարտի այս տարի:

Մունիցիպալիտետը Բարալեթի Հասարակական տան բակի ասֆալտապատման եւ Գումբուրդո գյուղի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման համար հայտարարել էր կրկնակի տենդեր, 115,109 լարիի չափով: Տենդերն արդեն կայացել է եւ այն 114,364 լարիով շահել է «Նյու փրոջեքթ» ընկերությունը: Այն մրցույթի միակ մասնակիցն էր: Պայմանագիրն արդեն ստորագրվել է:

«Սամոսվալ-1» ընկերության տնօրեն Խաչիկ Ավետիսյանն ասում է, որ աշխատանքները ձգձգվել են տարբեր պատճառներով, եւ, իհարկե, տուգանքների վճարումը ձեռնտու չէ:

«Բարալեթի Հասարակական տան բակի ասֆալտապատումը չկարողացանք կատարել, քանի որ ոչ ոք մեզ ասֆալտ չվաճառեց, մենք չկարողացանք գտնել, հույս ունեինք, թե գտնենք ասֆալտ, դրա համար էլ մենք մասնակցեցինք տենդերին, իսկ մնացած աշխատանքների կատարման ընթացքում առաջացան բազմաթիվ այլ խնդիրներ: Խանդոյում, Էխտիլայում, Արագվայում մենք աշխատանքներն ավարտել ենք ժամանակին: Խնդիրները կապված էին Մերենիայի եւ Բեժանոյի հետ: Մերենիա գյուղում աշխատանքները սկզբում ձգձգվում էին գյուղացիների մեղքով: Նրանք կամ այս շինանյութը չէին ուզում, կամ մյուսը, հետո աշխատանքները ձգձգվեցին մեր մեղքով, հետո չէինք կարողանում աշխատողներ գտնել ու այդպես անցավ երկու տարի: Այժմ միայն մնացել է Բեժանո գյուղում 30 քառ /մ սվաղի գուրծ ու լրիվ կավարտենք », – ասում է «Սամոսվալ-1» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Ավետիսյանը:

Ըստ Խաչիկ Ավետիսյանի, աշխատանքները կսկսվեն ցրտերի դադարից հետո:

Շուշան Շիրինյան