Արդարադատության նախարարությունը Վրաստանի քաղաքացիների համար սակագին է սահմանել Վրաստանի քաղաքացիության պահպանման ընթացակարգի համար` այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում:

Արդարադատության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիության պահպանման եզրակացություն պատրաստելու արժեքը՝ 80 օրացուցային օրվա ընթացքում, կազմում է 250 լարի, եզրակացություն արագացված կարգով՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, պատրաստման արժեքը կազմում է 350 լարի, իսկ 30 օրացուցային օրվա ընթացքում` 500 լարի:

Մեկ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում, Վրաստանի քաղաքացիությունը կարող են պահպանել նրանք, ովքեր վրացական պետությունից համաձայնություն կստանան քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ` նախքան այլ երկրի քաղաքացիություն ստանալը:

Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համաձայնությունը՝ մեկ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում տրվում է այն դեպքում, եթե Վրաստանի քաղաքացու ապագայում կապը Վրաստանի հետ համարվի համոզիչ: Դրա համար հանձնաժողովը կարող է հաշվի առնել հետևյալ (և ոչ միայն) հանգամանքները.

1. Կենսագրական տվյալները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել Վրաստանի քաղաքացիների կապը Վրաստանի հետ
2. Վրաստանում անշարժ գույքի տիրապետելը
3. Գործունեությունը Վրաստանում
4. Իրավական կապը Վրաստանի ընտանիքի անդամների հետ:

Անչափահասը, որը Վրաստանի քաղաքացիության հետ միասին ունի այլ երկրի ծնունդով քաղաքացիություն, պահպանում է Վրաստանի քաղաքացիությունը մինչև 18 տարեկանը լրանալը: Եթե տվյալ ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիության պահպանման դիմում չներկայացվի, նա ինքնաբերաբար զրկվում է քաղաքացիությունից: Անչափահասների դեպքում, Վրաստանի քաղաքացիության պահպանումը հնարավոր է` ծնողների կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այն դեպքում, եթե դիմումը ներկայացվել է ծնողներից մեկի կողմից, ապա անհրաժեշտ է նաև երկրորդ ծնողի համաձայնությունը:

Վրաստանի քաղաքացիները, որոնց նկատմամբ՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու կապակցությամբ Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին որոշում չի ընդունվել, իրավունք ունեն դիմելու 2018 թվականի օգոստոսի 15-ից հետո մեկ տարվա ընթացքում՝ Հանրային ծառայությունների զարգացման գործակալությանը՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջով: