Դարբինյան փողոցում մոտավորապես 70 մետր երկարությամբ մայթի հարակից հատվածը մեկ ամիս առաջ էներգոբաշխիչ ընկերության կողմից վերանորոգման աշխատանքների համար փորվել էր: Այս հատվածում ասֆալտը մինչ օրս չի վերականգնվել: Սա անհարմարավետություն է առաջացնում ինչպես անցորդների, այնպես էլ մոտակա խանութների և այլ օբյեկտների համար:

asfalt_energo

VIANOR խանութի սեփականատերն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է խանութի հարևանությամբ փորված և լցված փոսի լուսանկարը, ի նշան բողոքի առ այն, որ «Energo Pro Georgia» ընկերությունը իրականացրել է վերանորոգման աշխատանքներ էլեկտրական գծի վրա՝ քանդելով ասֆալտը և չի զբաղվել այդ ճանապարհահատվածի վերականգնմամբ:

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ «Energo Pro Georgia» ընկերությունն ավարտել է իր վերանորոգման աշխատանքները, սակայն դեռևս չեն ասֆալտապատել ճանապարհը», – ասում է խանութի սեփականատերը:

Վաչագան Մկրտչյանն «Energo Pro Georgia» ընկերության էլեկտրագործն է:

«Այո, իրապես մենք այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարել ենք, բայց արդեն ավարտել ենք մեր աշխատանքը, մնում է ասֆալտապատել, բայց դա արդեն մեր գործը չէ: Ըստ իս, ասֆալտապատումը պետք է կատարի «Ջավախ-Ավտո-Գզա» ընկերությունը», – ասում է նա:

«Ջավախ-Ավտո-Գզա» ընկերությունից մեզ կոնկրետ պատասխան չտվեցին, թե արդյո՞ք այս հատվածը կասֆալտապատվի և ե՞րբ՝ ասելով, որ այո, նրանք երբեմն ասֆալտապատում են հատվածներ, որոնք փորում է էլեկտրաբաշխիչ ընկերությունը՝ էլեկտրատար գծերը վերանորոգելու համար, սակայն, այս դեպքում ճանապարհահատվածի վերականգնման համար պատասխանատու է «Ջավախ-Ավտո-Գզա» ընկերությունը:

Պարզելու համար, թե երբ և որ ընկերությունը պետք է լուծի այս խնդիրը, մենք դիմեցինք «Energo Pro Georgia» ընկերությանը: Մամուլի ծառայությունից Թեոնա Գեգուչաձեն նշեց, որ Դարբինյան փողոցում «Energo Pro Georgia»-ի աշխատակիցները փորել են 70 մետր՝ վնասված մալուխը սարքելու համար:

««Energo Pro Georgia»-ն «Ջավախ-Ավտո-Գզա» ընկերության հետ պայմանագիր ունի: Մենք դիմել ենք նրանց, նրանք շուտով ճանապարհի վնասված հատվածը կասֆալտապատեն: Եղանակների պատճառով այս պահին նրանք չեն կարողանում դա անել: Եթե եղանակը նորմալանա, ապա մինչև ամսվա վերջ այս խնդիրը կլուծվի», – ասաց նա:

energo_pro_asfalt

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր անգամ ստորգետնյա էլեկտրահաղորդիչ գծերի վերանորոգման արդյունքում առաջանում է վնասված ասֆալտի նույն խնդիրը, որը լուծվում է երկար ու հոգնեցուցիչ կերպով: