Վրաստանի պետական դպրոցներում 2018-2019 թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 25-ին: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեն:

Առաջին փուլ

Այս տարի գրանցման առաջին փուլը նախատեսված կլինի հատուկ կրթական կարիք ունեցող երեխաների համար: Այն կտևի տասը օր` մարտի 25-ից մինչև ապրիլի 5-ը:

Ծնողները պետք է դիմում ներկայացնեն այն պետական դպրոցին, որտեղ նրանք ցանկանում են հաճախի իրենց երեխան: Հաստատության վարչակազմը գրանցում է երեխային կրթական տեղեկատվական համակարգում (EMIS): Երեխայի հատուկ կարգավիճակը հաստատելու համար ծնողները նաև պետք է լրացնեն կրթության նախարարի հրամանով հաստատված դիմումի ձևը:

Դպրոցներից այս ձևերը կուղարկվեն Կրթության նախարարություն: Դրանից հետո, ծնողների համաձայնությամբ, բազմամասնագիտական թիմը կգնահատի երեխային և կհաստատի նրա կրթական կարիքները: Այս գործընթացը կտևի ապրիլի 8-ից 22-ը ներառյալ:

Հաջորդ երկու օրերին, մինչև ապրիլի 24-ը, բազմամասնագիտական թիմը կպատրաստի գնահատման հաշվետվություններ և դրանք կտրամադրի ծնողներին և դպրոցներին: Ուսումնական կարիքների հաստատման դեպքում, դպրոցը կընդունի երեխային՝ հրամանի հիման վրա:

Այն երեխաների ծնողները, որոնք չեն ստանա հատուկ կրթական կարիքների հաստատում, կկարողանան գրանցել երեխային հաջորդ փուլերում: Նրանք գրանցման կամ մերժման մասին տեղեկություն կստանան ապրիլի 25-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Հատուկ կրթական կարիք ունեցող երեխաներ են համարվում` ֆիզիկական սահմանափակումներով, աուտիզմով, մտավոր զարգացման խանգարումներով, ուսման ունակությունների խանգարումներով, զգայական խանգարումներով (լսողություն կամ տեսողություն), խոսքի զարգացման խանգարումներով, զգացմունքային և վարքային խանգարումներով երեխաները, ինչպես նաև այն երեխաները, որոնք ունեն երկարատ. Հոսպիտալիզացման անհրաժեշտություն, կամ սոցիալական գործոնների պատճառով դժվարություններ ունեցող երեխաները, որոնց պատճառով երեխան չի կարողանում բավարարել ազգային ուսումնական ծրագրերի պահանջներին:

Երկրորդ փուլ

Գրանցման երկրորդ փուլը կսկսվի մայիսի 2-ին և կտևի մինչև մայիսի 17-ը ներառյալ: Դպրոցում կկարողանան գրանցվել այն երեխաները, որոնց եղբայրներն ու քույրերը արդեն հաճախում են այդ դպրոց կամ երեխաները, որոնց ծնողները այդ դպրոցի աշխատակիցներ են:

Երկրորդ փուլում նաև կկարողանան գրանցվել նույն ընտանիքի երեխաներին, ովքեր միաժամանակ հաճախելու են առաջին դասարան:

Երրորդ փուլ

Երրորդ փուլը համընդհանուր առցանց գրանցումն է: Այն կսկսվի մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 12-ը ներառյալ: Ծնողները կկարողանան փաստաթղթերը ներկայացնել հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ: Գրանցումը հնարավոր կլինի անցնել կրթական կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայք-էջում: Այն դեպքում, եթե փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում չներկայացվի, գրանցումը ինքնաբերաբար կչեղարկվի:

Չորրորդ փուլ

Գրանցման չորրորդ փուլը կսկսվի հունիսի 25-ին և կտևի մինչև հուլիսի 5-ը ներառյալ: Այս փուլը անմիջականորեն վերաբերում է այն դպրոցներին, որտեղ կլինեն ազատ տեղեր: Երեխաները, ովքեր չեն կարողացել նախորդ փուլերում գրանցվել, կկարողանան գրանցվել այս փուլում:

Գրանցվելուց հետո ծնողները դպրոցին պետք է տրամադրեն հետևյալ փաստաթղթերը` ծնողների ինքնությունը հաստատող վկայականների և երեխայի ծննդյան վկայականի պատճենները:

Կատարված փոփոխություններից ելնելով՝ նախարարությունը ծնողներին խրախուսում է ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին և ժամկետներին, որպեսզի երեխայի դպրոցում գրանցման գործընթացը լինի առանց խոչընդոտների: Ամեն տարի Վրաստանի պետական դպրոցներում մոտ 60 հազար ազատ տեղ է լինում:

Նյութը՝ «Նորություններ–Վրաստան»-ի