Այսօր, մարտի 16-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց Հովհ. Թումանյանին նիվրված միջոցառում, որը կրում էր՝ «Լեռները և գյուղը՝ Թումանյանի ստեղծագործություններում» խորագիրը:

Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված տարատեսակ միջոցառումների շարք է սկսել երիտասարդական կենտրոնը, որը կշարունկավի մինչև տարվա ավարտ:

«Մեր ծրագրերում նախատեսել ենք դասախոսությունների շարք և ամեն շաբաթ օր դասախոսություն է կարդացվում կենտրոնում, որն ուղեկցվում է երաժշտական, գրական կոմպոզիցիայով: Այսօր ներկայացվեց Թումանյանի չափածո խոսքը, այդ խոսքը շատ գեղեցիկ էր ու հստակ: Հաջորդ շաբաթ կներկայացվի Թումանյանի քառյակները և այդպես շարունակ»,- նշեց Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

«Լեռներ և մարդիկ. հայ նահապետական գյուղը դարավերջի անցումային ժամանակաշրջանում և նրա կյանքի արտացոլումը Թումանյանի պոեմներում» ծավալուն խորագրի ներքո ներկայացվեց Հովհ. Թումանյանի երեք պոեմները՝ «Մարոն», «Լոռեցի Սաքոն» և «Հառաչանքը»:

Միջոցառումը կազմակերպել էր Ախալքալաքի #4 Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Աջամօղլյանը: Աշակերտները լավագույնս ներկայացրին Թումանյանի պարզ խոսքը: Այս միջոցառման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել գյուղացու կերպարը Թումանյանի ստեղծագործություններում:

ԱԵԿ-ի ղեկավարը կարևորում է նմանօրինակ ցերեկույթների կազմակերպումը երեխաների բազմակողմանի զարգացման գործում:

«Առանձին միջոցառումներով հանդես կգան նաև մեր ռուսերենի և վրացերենի խմբակները, որոնք համապատասխանաբար Թումանյանին կներկայացնեն ռուսերեն և վրացերեն լեզուներով: Այս միջոցառումների շարքում մենք ընդգրկել ենք նաև այցելություններ՝ Թբիլիսի՝ Թումանյանի տուն և Երևան Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի թանգարաններ: Այս էքսկուրսիաներում կընդգրկվեն միայն Կենտրոնի գրականության խմբակի սաները»,- ասաց Կարինե Թադևոսյանը:

Հավելենք, որ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Հայաստանի կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են Կազմակերպության հավանությունը:

Աղունիկ Այվազյան