Մարտի 15-ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի շնորհանդեսը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում: Ծրագիրն ունի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանում են Կրթության հավասարության դեսպանների կոչում։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման և ներգրավման մենեջեր Գոռ Նազարյանը մանրակրկիտ ներկայացրեց ծրագրի անելիքներն ու հեռահար նպատակները:

«Միշտ կարևորել ենք, որ մեր ծրագրին մասնակցեն ամեն տեղից, ոչ միայն Հայաստանից, այլև նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցները: Այս տարի առաջին անգամ Հայաստանից դուրս շնորհանդեսներ ենք անում: Սա շատ լավ հնարավորություն է տեղի բնակիչների, երիտասարդների համար, որպեսզի մի կողմից գան Հայաստան և ծանոթանան տեղի առանձնահատկություններին, մասնակցեն ծրագրերի, աշխատեն, մեծ փորձ ձեռք բերեն, մյուս կողմից էլ, երբ իրենք վերադառնում են կարող են իրենց փորձն ու գիտելիքները կիրառել տեղում», – նշեց Գոռ Նազարյանը:

mardik

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից ու ապրելավայրից, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ ուսուցչի կարիք կա։

«Մեզ համար կար կոնկրետ հետաքրքրություն, որ մարզային համայնքներում, գյուղերում մասնակիցներ են լինում նաև Հայաստանից դուրս մեծացած մարդիկ: Իրենց պատմությունները, մտածելակերպը բնականաբար տարբեր է լինում և այդ նորությունները իրականում կարող են շատ մեծ խթան հանդիսանալ տեղի երեխաների աշխարհահայացքի ընդլայնման գործում: Իմ թիվ մեկ ակնկալիքն արդեն իրականություն դարձավ, այսինքն՝ ծրագիրն այստեղ ներկայացվեց։ Եվ ուզում եմ, որ երբ մյուս տարի գանք ու հարցնեք՝ ունեք մասնակից Ախալքալաքից, ես չասեմ, որ ունենք մասնակից միայն Թիֆլիսից»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման և ներգրավման մենեջեր Գոռ Նազարյանը:

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է ունենալ բակալավրի դիպլոմ 2019 թվականի հուլիս ամսվա դրությամբ։ Արտասահմանից ծրագրին մասնակցողները կարող են օնլայն գրանցվել:

Dasavandir Hayastan

Բոլոր այն վայրերում, որտեղ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երիտասարդները ծրագրի շնորհանդես են անում, միջոցառումները վերնագրում են տեղի բարբառով: Ջավախքում շնորհանդեսն անցկացվեց «Արիք, նստինք-զըրցինք» վերտառությամբ:
Գոռ Նազարյանը նշում է՝ դա իրականում շատ գրավիչ է ու հետաքրքիր:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի կազմակերպիչները հավատում են, որ հիմա է նոր բան սկսելու ժամանակը, հիմա է առաջնորդական հմտությունները զարգացնելու ժամանակը, հիմա է կարևոր փոփոխություններ իրականացնելու ժամանակը։

Աղունիկ Այվազյան