Երևանում տասնմեկերորդ օրն է շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը: ՀՀ նախագահը առաջարկեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել և խոստացավ, որ մինչև աուդիտի անցկացումը կառավարությունը կփոխհատուցի սակագնի ավելացված մասը: Քաղաքագետի կարծիքով իշխանությունները գնացել են զիջումների, իսկ ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից:

Արսենն առաջին իսկ օրվանից միացել է էլեկտրաէներգիայի համար պայքարին: Նա, ինչպես իր նման հազարավոր ցուցարարներ, ի սկզբանե բողոքում էր հոսանքի թանկացման դեմ:

Հունիսի 19-ից, բողոքի ցույցի դուրս եկած մարդիկ պահանջում են չեղյալ համարել հոսանքի թանկացման որոշումը և նվազեցնել հոսանքի նախկին սակագինը: Հունիսի 23-ին ոստիկանությունը խաղաղ նստացույցը ցրելու նպատակով ուժ կիրառեց: Դրանից հետո ցուցարարների պահանջին ավելացավ ևս մեկը՝ քրեական գործ հարուցել ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ:

«Ոչ թալանին» շարժման շնորհիվ երիտասարդությունը կարողացավ համախմբվել և իր ձևով՝ ազգային երգ ու պարի միջոցով իր բողոքն արտահայտել:

«Այս օրերի ընթացքում շատ նոր զգացողություններ ունեցա՝ թե դրական, թե բացասական, բայց ավելի շատ դրական։ Ծանոթացա հետաքրքիր մարդկանց հետ, ապրեցի նոր զգացումներ, որ մինչ այդ չէի ունեցել։ Բաղրամյան փողոցում ձևավորվել է միասնականության հզոր մթնոլորտ, կարծես մեկ ընտանիք լինենք»,- պատմեց Արսենը, հավելելով, որ իրենց պահանջներից ոչ մեկը դեռ չի կատարվել. «Հետևաբար պայքարը շարունակվում է»։

ՀՀ Նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի կառավարությունը մինչև աուդիտի անցկացումը կփոխհատուցի ազգաբնակչության վրա հոսանքի թանկացման հետևանքով ավելացող բեռը: Ցուցարարները աուդիտի մասին հայտարարությունն ուշացած համարեցին և որոշեցին անկախ ամեն ինչից շարունակել իրենց բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունն առաջարկեց ազատել Բաղրամյան պողոտան և տեղափոխվել Ազատության հրապարակ՝ սպառնալով ուժ կիրառել: Արդյունքում մարդկանց մի մասը մնաց, իսկ մյուս մասը քայլեց դեպի Ազատության հրապարակ:

««Ոչ թալանին» նախաձեռնության անդամների Ազատության Հրապարակ գնալը իրավիճակի որոշակի փոփոխության բերեց, ցուցարարների մի մասը գնաց նրանց հետևից, իսկ մնացած մասը՝ որը մեծամասնություն էր, մնաց Բաղրամյանում՝ չնայած խաղաղ ցույցը ցրելու ոստիկանության սպառնալիքներին։ Իրականում ոչ մի պառակտում էլ չի եղել, քանի որ և Ազատության Հրապարակ գնացածները և Բաղրամյանում մնացածները իրավունք ունեին ընտրություն կատարել պայքարի հետագա ընթացքի համար: «Պառակտում» տերմինը շրջանառության մեջ են գցել ռեժիմական ԶԼՄ-ները՝ շարժումը թուլացնելու համար, սակայն նրանց մոտ դա չստացվեց և հիմա Ազատության Հրապարակ տեղափոխվածները կրկին Բաղրամյանում են»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արսեն Օհանյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով իշխանությունները որոշ չափով փոխզիջման գնացին:
«Իշխանությունները երկրորդ փուլում ավելի հեռատես դուրս եկան և իրենց պատկերացմամբ գնացին կոմպրոմիսի, արդյունքում հաջողվեց նվազեցնել շարժումը: Ձևական առումով կարելի է ասել, որ ցուցարարները տնտեսական պահանջներին հասել են: Ինչ վերաբերում է քաղաքական պահանջներին, որոնք ոչ ակնհայտ, բայց արտահայտվեցին, ապա դժվար թե իրագործվեն: Ցուցարարների մաշտաբներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ դժգոհությունը մեծամասամբ քաղաքական էր, և եթե իշխանությունները չընդունեին տնտեսական մասը, որի արդյունքում ցուցարարների մի մասը բաժանվեց, հնարավոր էր հետագա քաղաքականացում լիներ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը նոր մշակույթ ձևավորեց: Հայ երիտասարդությունը ցույց տվեց իր համախմբվածությունը, ազատությունն, հաստատակամությունն ու նվիրվածությունը: Քաղաքագետի մեկնաբանմամբ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը շատ թույլ է, այդ պատճառով էլ մարդկանց մեջ կուտակված դժգոհությունը նման կերպ է արտահայտվում:

«Սա արդյունք է այն հանգամանքի, որ ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Հասարակությունը հնարավորություն չունի իր դիրքորոշումը քաղաքական կուսակցությունների միջոցուվ արտահայտելու, դրա համար սոցիալական ընդվզման ձևով է փորձում»,- հավելեց քաղաքագետը:

Նշենք, որ սկսած հունիսի 19-ից մինչ օրս Երևանի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ և պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Աղունիկ Այվազյան