Վրացական կողմը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ՝ ռուսական գազի Հայաստան տարանցման վերաբերյալ բանակցություններն ավարտել է, վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ նախկին համաձայնագրի համեմատ Վրաստանի համար պայմանները բարելավվել են, սակայն պայմանագրի մանրամասները շարունակվում են մնալ գաղտնի:

Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Դավիթ Միրցխուլավայի խոսքերով, նորարարությունները, որոնք մեծ հավանականությամբ ընդգրկված են «Գազպրոմի» հետ պայմանագրում, ոչ մի կերպ չեն վերաբերում ոչ Վրաստանի բնակչությանը, ոչ էներգետիկային, համեմատաբար ցածր սակագնով գազ ստանալու հնարավորությունը վերաբերում է միայն խոշոր բիզնեսին:

«Գազի խոշոր կորպորատիվ սպառողները, այսինքն` հիմնականում բիզնեսը, կստանան հնարավորություն ուղղակիորեն ռուսական գազ գնել իրենց կարիքների համար, և դա, իհարկե, լավ է: Անշուշտ, Ռուսաստանից գազի մատակարարումները կապված են շատ մեծ քաղաքական ռիսկերի հետ, բայց այս դեպքում մենք խոսում ենք սպառողների շատ փոքր քանակի մասին` ոչ ավելի, քան 5-7%, ուստի դա ոչինչ չի փոխում», – հայտարարել է նա:

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ, Վրաստանում կորպորատիվ սպառողների համար գազը շատ թանկ է, և լավ կլինի, եթե նրանք ունենան ավելի էժան վառելիք ստանալու հնարավորություն:

«Քանի որ «Գազպրոմի» հետ պայմանագիրը գաղտնի է, ապա այժմ դժվար է խոսել կոնկրետ թվերի մասին: Հավանաբար խոսքը վերաբերում է 185-200 դոլար սակագնի մասին: Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա նրանց համար, առհասարակ, ոչինչ չի փոխվում», – հայտարարել է Դավիթ Միրցխուլավան:

Մարտի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր «Գազպրոմի» հետ բանակցությունների ավարտի մասին:

«Բանակցությունները փաստացիորեն ավարտվել են: Ես կցանկանայի հիշեցնել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններում. Առաջինը մեր էներգետիկ անկախությունն է, երկրորդ սկզբունքը՝ մեր պայմանների բարելավումն է այդ պայմանագրում: Բանակցություններն ավարտվեցին այդ սկզբունքները լիովին հաշվի առնելով», – ասել է վարչապետը:

Նյութը՝ bizzone.info-ի